«Ապագա ընտրյալիս աղի բլիթի միջոցով դեռ չեմ տեսել». Սիրո տոնին նվիրված բլից հարցում՝ Գոշի հետ

11:05   27 հունվարի, 2018

Այսօր երիտասարդները նշում են սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Շատերն արդեն գիշերը համտեսել են աղի բլիթն, ու չի բացառվում, որ ոմանք երազում տեսել են հմայիչ արտաքինով մեր զրուցակցին՝ երգիչ եւ դերասան Գոշին, որը վերջին շրջանում արդեն հասցրել է գրավել աղջիկներից շատերի ուշադրությունն ու սրտերը:

NEWS.am STYLE-ը բլից հարցերի միջոցով փորձել է պարզել, թե ինչպես է Գոշը վերաբերվում Սուրբ Սարգսի տոնին, երբեւէ փորձե՞լ է աղի բլիթ եւ արդյոք արդեն հասցրե՞լ է գտնել իր երկրորդ կեսին:

Գոշ, ո՞ր տարիքում ես առաջին անգամ սիրահարվել:

Դպրոցական վաղ տարիքում:

Անպատասխան սեր ունեցե՞լ ես:

Եղել է հենց այն սերը, որի մասին նշեցի:

Առաջին անգամ ե՞րբ ես սեր խոստովանել:

Երբ առաջին անգամ սիրահարվել էի, դրա հետ մեկտեղ նաեւ սեր էի խոստովանել՝ նվիրելով նրան ծաղկեփունջ:

Ի՞նչ խենթությունների ես պատրաստ հանուն սիրո:

Եթե իսկապես սիրահարվեմ ու սիրեմ, ապա ցանկացած խենթության պատրաստ եմ:                    

Եղե՞լ է, որ աղջիկն առաջինն է քեզ սեր խոստովանել:

Այո, նման բան եղել է:      

Ինչպե՞ս ես, առհասարակ, վերաբերվում, երբ աղջիկն է առաջին քայլն անում:

Դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, հետեւաբար, այդ ամենն ինձ համար օրինաչափ է: 

Սիրո մեջ առաջին հիասթափությունդ:

Հիասթափություն դեռ չեմ ունեցել:

Սուրբ Սարգսի տոնի խորհուրդին հավատո՞ւմ ես:

Տոնի խորհուրդին չեզոք վերաբերմունք ունեմ:

Աղի բլիթ երբեւէ փորձե՞լ ես:

Առիթ եղել է, սակայն ապագա ընտրյալիս աղի բլիթի միջոցով դեռ չեմ տեսել:

Հիմա սիրահարվա՞ծ ես:

Ոչ, սիրտս ազատ է:

Ըստ քեզ ի՞նչն է ամենակարեւորը սիրո մեջ:

Սիրո մեջ, իմ կարծիքով, ցանկացած զգացում կարեւոր է, բայց առավելապես կարեւորում եմ հարգանքը միմյանց հանդեպ:

Ի՞նչ կմաղթես բոլոր սիրահարներին:

Ցանկանում եմ, որ բոլոր նրանք, ովքեր դեռ խոստովանություն չեն արել իրենց սիրելիներին, հենց այս պահին զանգահարեն նրանց եւ ասեն իրենց սիրո մասին:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE