«Նա ինձ շատ էր սիրում, բայց ես՝ ոչ. գուցե փոշմանել եմ...». Նարեկ Մակարյանի անկեղծ խոստովանությունները

14:36   27 հունվարի, 2018

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ որոշեցինք զրուցել տեւական ժամանակ ԱՄՆ-ում գտնվող երգիչ Նարեկ Մակարյանի հետ՝ պարզելու, թե սիրային ինչ կարգավիճակում է նա, ինչպես է անցկացնելու տոնն ու արդյոք երբեւէ փորձել է աղի բլիթ: Զրույցը նախատեսվածից շատ ավելի անկեղծ ստացվեց:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է երգչի առաջին սիրո պատմությունը, սիրային հիասթափությունն ու մյուս անկեղծ խոստովանությունները:

Նարեկ, ո՞ր տարիքում ես առաջին անգամ սիրահարվել:

Առաջին անգամ սիրահարվել եմ 20 տարեկանում ու դա եղել է ամենահեքիաթային սերը:

Անկեղծ ասած՝ ես կյանքում շատ սիրահարված չեմ եղել, ես տեսակով այնպիսին եմ, որ մեկ անգամ եմ սիրում: Երեւի կյանքում հենց մեկ անգամ եմ սիրել, իսկ մնացած դեպքերում համոզել եմ ինձ, որ սիրեմ՝ հաշվի առնելով տվյալ աղջկա մարդկային հատկանիշները: Ի դեպ, ես իմ կյանքում հայտնված աղջիկների հետ միշտ ազնիվ եմ եղել, անգամ ասել եմ, որ չեմ սիրում, բայց սիրում եմ իր հատկանիշները: Փորձել եմ սիրել, բայց հասկացել եմ, որ այդպես անհնար է. կամ սիրում ես, կամ՝ ոչ:

Անպատասխան սեր ունեցե՞լ ես:

Անպատասխան սեր կյանքումս եղել է, բայց աղջկա անունը չեմ նշի (մեր ոլորտից է): Նա ինձ շատ էր սիրում, բայց ես՝ ոչ, ու գուցե փոշմանել եմ, որ այդ սերը փոխադարձ չստացվեց, նա արժանի էր, որ իրեն ավելի շատ սիրեի, քան ինքը՝ ինձ, բայց շատ երիտասարդ էի ու չէի գիտակցում, թե ում եմ կորցնում: Ես ինձ միշտ մեղավոր էի զգում, որ չեմ կարող փոխադարձ սիրով պատասխանել նրան, բայց ուրախանում էի, որ նման զգացմունքներ էի արթնացրել տվյալ մարդու մեջ: 

Առաջին անգամ ե՞րբ ես սեր խոստովանել:

Գիտակցաբար՝ 20 տարեկանում: Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր սիրտս արագ զարկում, ադրենալինն արյանս մեջ հասել էր գագաթնակետին :)

Ի՞նչ խենթությունների ես պատրաստ հանուն սիրո:

Սիրո համար՝ ցանկացած խենթության, որը հաստատ մեկ այլ մարդու մտքով չի անցնի: Իմ մտերիմ ընկերները գիտեն՝ ինչի մասին է խոսքը: Հիշում եմ՝ մի անգամ հիվանդանոցում էի, իսկ այդ շրջանում վիճել էի սիրածս աղջկա հետ, ու որոշեցի փախուստ կազմակերպել հիվանդանոցից, որպեսզի տեսնեմ նրան :)

Եղե՞լ է, որ աղջիկն առաջինն է քեզ սեր խոստովանել:

Այո, եղել է, ու շատ նորմալ եմ վերաբերվում դրան, որովհետեւ ինձ համար սիրո մեջ չկան չափանիշներ ու սահմաններ:

Սիրո  մեջ առաջին հիասթափությունդ...

Սիրո մեջ առաջին հիասթափությունս, կարելի է ասել, վերջերս է եղել, երբ հանդիպեցի մի մարդու, որն իրականում այն չէր, ինչպիսին իրեն ցույց էր տալիս: Տանել չեմ կարողանում դավաճանությունը, ինչը խոսում է կնոջ՝ ցածրարժեք լինելու մասին:

Սուրբ Սարգսի տոնի խորհուրդին հավատո՞ւմ ես:

Իհարկե, հավատում եմ, բայց այս տոնին աղի բլիթ համտեսելու ցանկություն չունեմ, քանի որ դեռ պատրաստ չեմ նոր հարաբերությունների, դեռ չեմ վերականգնվել: Մի քանի անգամ փորձել եմ աղի բլիթ, բայց իմ տեսած երազների մեծ մասն իրականանում են, անգամ աղի բլիթ ուտելու կարիք չի լինում:

Հիմա սիրահարվա՞ծ ես:

Ներկա պահին սիրահարված չեմ, չունեմ կողակից ու համոզված եմ՝ բարին էլ դա է, ես ինձ ավելի երջանիկ եմ զգում: Երբ կողակից ունեի, պարզվեց՝ նա իմ կեսը չէր, ափսոս՝ շուտ չէի նկատում:

Ըստ քեզ՝ ի՞նչն է ամենակարեւորը սիրո մեջ:

Սիրո մեջ ամենից կարեւորը սիրելն է՝ բառի ամբողջ խորությամբ: Սիրող մարդը երբեք չի կարող վատը կամենալ սիրելիին: Այսօր իմ առաջին սերն ունի կողակից, ու ես ուրախ եմ, քանի որ նա երջանիկ է: Ի դեպ, պետք է անկեղծանամ ու նշեմ՝ «Քեզ հետ առանց քեզ» երգը հենց նրան է նվիրված...

Ի՞նչ կմաղթես բոլոր սիրահարներին:

Գիտակցեք՝ ինչ բան է սերը, մի եղեք տաքարյուն, մի կրկնեք այն սխալները, որոնք ես եմ թույլ տվել ժամանակին: Կորցնելուց լավ մտածեք՝ արդյոք արժի՞, թե՞ ոչ, որովհետեւ, միգուցե, երկրորդ հնարավորություն էլ չունենաք:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE