«Նրան անընդհատ փորձում են ցավեցնել». Սյուզի Մելիքյանը՝ իր նոր տեսահոլովակի եւ գրավիչ կերպարի մասին (ֆոտո/վիդեո)

15:35   27 հունվարի, 2018

Սյուզի Մելիքյանը նորություն ունի, որը երգչուհին ազդարարեց օրերս՝ ներկայացնելով նոր տեսահոլովակի թիզերն ու լուսանկարները: Սյուզիի նոր աշխատանքը կոչվում է «Պատրաստ եմ», այն հեղինակել են Նիկ Էգիբյանն ու Ավետ Բարսեղյանը:

NEWS.am STYLE-ը զրուցել է Սյուզիի հետ, որը մեզ նոր մանրամասներ է հաղորդել իր «վերադարձի» մասին:

«Տեսահոլովակը մոտ մեկ ամիս առաջ ենք նկարահանել, նկարահանումներն անցել են տաղավարում, ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: Այս երգի երաժշտությունն ի սկզբանե շատ էի սիրել, հետո Ավետն իր խոսքերով ավելի ամբողջական դարձրեց այն, ու ես զգացի, որ լիովին կարողանում եմ ճիշտ վերարտադրել այս երգը: Սա ինձ համար շատ թանկ երգ է»,-նշեց երգչուհին, որը, դատելով լուսանկարներից, տեսահոլովակում ներկայանալու է բավականին համարձակ եւ գրավիչ կերպարներով:

«Կերպարներս ինքս եմ մտածել: Հագուստը հիմնականում իմ մտահաղացումն է, եւ մի շատ գեղեցիկ կերպար ունենք, որը հեղինակել է Արեւիկ Սիմոնյանը: Սցենարային առումով տեսահոլովակը շատ խորիմաստ է: Հերոսուհուն անընդհատ փորձում են ցավեցնել, շեղել: Այնտեղ կան կերպարներ, որոնք դիմակով են...Դա հատուկ է արվել, որպեսզի չզգացվի՝ դրանք տղամարդի՞կ են, թե՞ կանայք: Մի խոսքով, եթե հեռուստադիտողն ուշադիր դիտի, անպայման կհասկանա, թե որն է ասելիքը»:

Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակն էմոցիաների դրսեւորման ձեւ է. «Այդ ամեն ինչը դժվար է համադրելը՝ երգը, տեսահոլովակը, այդ պատճառով էլ գործընթացը երկար է տեւում: Ամեն դեպքում, հուսով եմ՝ այն կհավանեն, քանի որ մեծ աշխատանք է տարվել, եւ փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի հանդիսատեսին գոհացնենք: Այն եթերում կլինի մոտ մեկ շաբաթից»,-ասաց նա:

Երգչուհին հավելեց, որ տեսահոլովակի պրեմիերայից հետո կլինեն նաեւ ստեղծագործական այլ նորություններ, սակայն երկրպագուները դրանց պետք է սպասեն հերթականությամբ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE