Ինչպես խուսափել հուզական ինքնայրումից

13:06   28 հունվարի, 2018

Եթե դադարել եք հաճույք սատանալ ցանկացած աշխատանքից, չեք կարողանում նոր գաղափարներ առաջարկել և ձեզ համար միևնույն են բոլոր նախագծերը, ընկերների և գործընկերների զանգերն ու նամակները նյարդայնացնում են, ուրեմն ժամանակն է կանգ առնել և մտածել կյանքի որոշ հանգամամքներ փոփոխելու, կյանքի նկատմամբ հայացները վերանայելու մասին, քանի որ այն ճանապարհը, որով մինչ օրս ընթանում էինք, ձեզ միայն հուզական ինքնայրման է հասցրել:

Ինչ է հուզական ինքնայրումը

Հուզական ինքնայրումը դրսևորվում է մտավոր, ֆիզիկական և զգացմունքային, հուզական ոլորտներում: Երբ զգում եք, որ սկսել եք դժվարությամբ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, շուտ եք հոգնում և ոչինչ ձեզ չի ուրախացնում, ուրեմն դուք հենց այդ վիճակում եք: Որպես կանոն՝ մարդիկ նման վիճակում են հայտնվում աշխատանքում չափից ավելի ներդրվելու դեպքում, երբ ավելի շատ էներգիա եք ծախսում այս կամ այն աշխատանքը կատարելու համար, քան ստանում եք: Երբ ձգտում եք հնարավորինս լավ արդյունքներ ստանալ և հաղթահարում եք մի շարք դժվարություններ, սովորաբար լարվում եք, իսկ լարվածության մեծ չափաքանակը բացասաբար է անդրադառնում մարդու թե ֆիզիկական, թե մտավոր և թե հոգեկան կարողությունների վրա:

Այս համախտանիշի հանդեպ ավելի շատ հակում ունեն ստեղծագործական մասնագիտություն ունեցողները: Իսկ ռիսկի խմբում առաջինն, իհարկե, մոլի աշխատասերներն են, ինչպես նաև չափազանց զգացմունքային և նրբազգաց անձինք: Նրանց համար շատ կարևոր է աշխատանքում ներդրած ուժերի դիմաց փոխհատուցվելը, որքան փոխհատուցումը փոքր է, այնքան մեծ է ինքնայրվելու հավանականությունը:

Ի դեպ, ինքնայրմանն է նպաստում նաև միատեսակ, միալար աշխատանքը, աշխատախմբում տարաձայնություններն ու բախումները, չափից ավելի զգացմունքային ղեկավարությունը:

Ինչպես պայքարել դրա դեմ

Մի մոռացեք, որ աշխատանքից բացի ձեր կյանքում նաև այլ արժեքներ կան՝ ընտանիք, ընկերներ, նախասիրություններ, ուստի պետք չէ ամբողջությամբ նվիրվել և տրվել աշխատանքին: Ժամանակ և էներգիա պահեք մյուս գերակայությունների համար: Կարևոր է նաև հիշել ձեր երբեմնի երազանքների մասին կամ նոր նպատակներ սահմանել և փորձել դրանք իրականություն դարձնել: Երազանքներին և նպատակներին հետևող և ոչ թե վախերին ենթարկվող մարդը ավելի քիչ է ինքնայրվում:

Նաև կարևոր է առողջ ապրելակերպ վարել՝ ճիշտ սնվել, սպորտաձևով զբաղվել: Դա կօգնի մարմինը և հոգին լավ վիճակում պահել: Հիշեք՝ ինքնայրվելու ախտանիշը շատ ավելի հեշտ է կանխել, քան վնասազերծել:

Ինչից սկսել

Սովորեք լսել ձեր մարմնի պահանջները և ենթարկվել դրանց: Մարմինը երբեք չի սխալվում: Երբ հասկանոմ եք, որ հոգնել եք, կանգ առեք և հանգստացեք: Կարող եք ձեզ համար փոքր արձակուրդ կազմակերպել և մի քանի օր պարզապես չաշխատել ու զվարճանալ:

Եթե ձեր կյանքում պակասել է ուրախությունը, մտածեք՝ արդյոք դուք ինքներդ բավականաչափ ուրախություն պարգևում եք ուրիշներին: Եթե հույզեր եք ուզում ստանալ, ապա ձեր հուզերը տվեք ուրիշներին և հաստատ փոխադարձ նրանցը կստանաք:

Սովորեք նկատել ու գնահատել հաճելի մանրուքները, շրջապատեք ձեզ ոգեշնչող մարդկանցով և իրերով, ձեր առաջ նոր հորիզոններ բացեք:

Երբեք մի պարփակվեք ինչ-որ մեկի հույսերը չարդարացնելու վախով պարուրված աշխարհում, չէ որ դուք հանգամանքներից ավելի ուժեղ եք:

Источник - Elle

 

 

 



© NEWS.am STYLE