Վանզեե լիճը (ֆոտո)

16:13   4 մայիսի, 2013

Վանզեե «լիճն» իրականում արհեստական ավազան է, չնայած գերմաներենից թարգմանաբար «see» նշանակում է «լիճ»: Պարզապես Հաֆել գետի հունը վաղ ժամանակներում ընդլայնվել է այնքան, որ ավելի շատ նմանվել է լճի: Ի դեպ, Հաֆել գետի վրա է գտնվում Գլինիկյան կամուրջը (Glienicker Brücke), որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես… «լրտեսների կամուրջ»:

Վանզեեի վրա լաստանավային հաղորդակցություն կա: Այն մայրաքաղաքի Շտեգլից-Ցելենդորֆ շրջանը կապում է նախկին Կլադով գյուղակի հետ, որը Բեռլինի արվարձանն է: Լաստանավերը քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի մաս են կազմում, որտեղ գործում է միասնական երթեւեկության տոմս: Ովքեր նման տոմս չունեն, վճարում են կանխիկ դրամով, ինչպես ավտոբուսով կամ քաղաքային գնացքով երթեւեկելիս: 

 

Աշխատանքային օրերին լաստանավերից սովորաբար օգտվում են Կլադովի բնակիչները, ովքեր գնում են «քաղաք»՝ աշխատանքի կամ դասի: Իսկ հանգստյան օրերին նրանց են միանում բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ այցելելու գեղատեսիլ Կլադովը:

 

Քաղաքային նավամատույցից երեւում է Վանզեեի հակադիր, արեւմտյան ափը, որտեղ խիտ ծառերի հետեւում երեւում են անմիջապես լճի եզրին կառուցված տների ճակատամասերը: Հեռվից թվում է, թե ալիքները հարվածում են շինությունների աստիճաններին: Դե, ոչ անմիջական աստիճաններին, պարզապես շենքերի մեծ մասն իրենց փոքրիկ մատույցներն ունեն սեփական զբոսանավերի եւ նավակների համար: Լճափին հանդիպում են նաեւ զբոսանավային ակումբներ՝ առագաստների ներքո Վանզեեի ալիքներն ակոսելու սիրահարների համար:

Այդ տնակների արանքում ինչ-որ տեղ թաքնվում է հայտնի Մարլիր առանձնատունը, որի ճաշասենյակում 1942 թվականի հունվարի 20-ին կայացել է Երրորդ ռեյխի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների եւ նացիստական ղեկավարների գաղտնի հանդիպումը: Քննարկվել են ոչ թե զբոսանավերի առավելությունները, այլ Եվրոպայի երկրների հրեա բնակչության ոչնչացման հարցեր: Պատմական այդ իրադարձությունը լայնորեն հայտնի է որպես «Վանզեեյան համաժողով», իսկ առանձնատանը ներկայում տեղակայված է Հոլոքոստի հիշատակի կենտրոնը:

Լաստանավով հաճելի է զբոսնել ամառային օրերին, երբ զով քամին օգնում է հաղթահարել տոթը: Բայց նախ հարկավոր է երկար՝ մի քանի հարյուր մարդկանց շարքում հերթ կանգնել: Չնայած լաստանավը 300 ուղեւորատեղ ունի, դրա հեռանալուց հետո ափին մի քանի տասնյակ մարդ է մնում: Այնպես որ՝ Արեւմուտքում նույնպես հսկայական հերթեր են լինում: Բայց մարդիկ հանգիստ սպասում են, այստեղ հանդգնությունն ու անպատկառությունը տեղ չունեն…

 

4.4 կմ երկարությամբ ուղեւորությունը տեւում է շուրջ 20 րոպե եւ ամենեւին էլ միատեսակ-ձանձրալի չէ: Ուղեւորները դիտելու բան ունեն: Լճում բազմաթիվ զբոսանավեր եւ մոտորանավակներ են լողում, իսկ որոշ համարձակներ սլանում են գրեթե լաստանավին հավասար: Բայց՝ ոչ մի վտանգավոր հնարք: Գերմանական կարգապահության եւ օրինապահության վառ օրինակ…

Շուտով երեւում է գրեթե կլոր փոքրիկ կղզյակ՝ ամբողջությամբ պատված խիտ անտառով: Անմիջապես դրա հետեւում Կլադովի նավամատույցն է, որտեղ լաստանավն անշտապ կայանում է: Ափին նկատելի է սպասողների երկար հերթը, որոշները՝ հեծանիվով: Լաստանավի վրա հատուկ տեղ կա տրանսպորտի նման տեսակի 25 միավորի համար, որը շատ հայտնի է Գերմանիայի բնակիչների շրջանում:

Ափ դուրս եկած զբոսաշրջիկների բազմությունն աստիճանաբար ցրվում է բազմաթիվ սրճարաններով եւ ռեստորաններով, հեծանվորդներն արագորեն հեծնելով իրենց երկաթե նժույգները՝ դուրս են գալիս իրենց ծեծված երթուղին: Մյուսները Կլադովի խաղաղ փողոցներով անշտապ զբոսանքը գերադասում են ընդհանուր սննդի օբյեկտներին եւ արագ երթին: Եթե շրջվեք մի ոչ մեծ նրբանցք, ապա ճանապարհին կտեսնեք բացառիկ ծառ՝ Նապոլեոնի արշավանքների վկան: Բայց դա արդեն առանձին հոդվածի թեմա է:

Ալբերտ Խաչատրյան



© NEWS.am STYLE