Ջեյ Զին պատմել է, թե ինչպես է նրան հաջողվել պահպանել փլուզման եզրին հայտնված ընտանիքը

23:35   28 հունվարի, 2018

Ջեյ Զին անկեղծորեն պատմել է կնոջ՝ Բեյոնսեի հետ իր հարաբերությունների, նրան դավաճանելու և իրենց հնարավոր բաժանման մասին, որը երգչին հաջողվել է կանխել:

Վերջերս երգիչը հրապարակայնորեն խոստովանել էր կնոջն իր դավաճանությունների մասին, թեև նրա երկրպագուները վաղուց էին այդ մասին գլխի ընկել՝ իր և կնոջ անկեղծ ու բազմաբովանդակ երգերի միջոցով: Դա, իհարկե, վաղուց էր: Այդ ընթացքում 36-ամյա Բեյոնսեն և 48-ամյա Ջեյ Զին նորից հասցրել են երեխա ունենալ՝ համալրելով ընտանիքը: Բայց այն ժամանակների մասին նրանք դառնությամբ են հիշում: Ամուսինները գրեթե բաժանման եզրին էին: Սակայն, ինչպես երևում է, նրանց, այնուամենայնիվ, հաջողվեց պահպաել իրենց ընտանիքը՝ անտեսելով բոլոր դժվարությունները:

Ջեյ Զիի մեկնաբանությամբ՝ դժվարությունները հաղթահարելուն իրենց օգնել է սերը, ինչպես նաև իր գիտակցումը, որ սխալ է վարվել կնոջ և ընտանիքի հետ:

«Նա ինձ հոգեհարազատ մարդ է, ում ես սիրում եմ: Եթե դուք երբևէ չեք սիրել, չգիտեք՝ ինչ է սերը կամ պարզապես չգիտեք, թե ինչպես առաջ շարժվել, ապա հարաբերություններում դժվարություններ կառաջանան: Իհարկե՝ ժամանակ առ ժամանակ: Դուք կարող եք կամ դեմքով շրջվել այդ դժվարություններից, կամ անտեսել, մինչև ամեն ինչ ավելի վատ ընթացք չի ստանա: Մենք որոշեցինք պայքարել մեր սիրո, մեր ընտանիքի համար, այն բանի, որ երեխաներն այլ օրինակ տեսնեն: Մենք ցանկացանք սև կանանց և սև տղամարդկանց մասին ձևավորված արատավոր կարծրատիպը կոտրել»,- ասել է երգիչը հեռուստաալիքի եթերում:

Ջեյ Զին նաև նշել է, որ խոսքերով հնարավոր չէ իրավիճակը փրկել, կարևոր են միայն արարքները:

«Լավագույն ներողությունը սեփական վարքը փոխելն է»: Այսպիսի խորհուրդ է տվել նա բոլոր այն տղամարդկանց, ովքեր իր նման դավաճանել են սիրելի կնոջը և այժմ ցանկանում են վերադարձնել նրա վստահությունը, սերը:

Նաև հարկավոր է ընդունել սեփական սխալները:

«Դուք պետք է հասկանաք, թե ինչ ցավ եք պատճառել ձեր կողքին գտնվող մարդուն, պետք է լսեք նրան: Դա ժամանակ է պահանջում և ամենևին հեշտ չէ, դժվար է լսել և տեսնել ցավը, շարունակել մնալ այդ մարդու կողքին, բայց պետք է կարողանալ ուժեղ լինել: Ինչ- որ առումով դա հրաշալի կյանքի փորձ է», - հավելել է երգիչը:

 

 

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE