Շերը, Snoop Dogg-ը, Հիլարի Քլինթոնն ու այլք «Գրեմմի»-ի արարողության ժամանակ ընթերցել են Թրամփի մասին գիրքը

10:27   29 հունվարի, 2018

Նյու Յորքում կայացել է ԱՄՆ Ձայնագրման ազգային ակադեմիայի «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։ Արարողության հաղորդավարը Ջեյմս Քորդենն էր։ Նա  մի քանի սքեթչ է ձայնագրել, որոնցից մեկը նվիրված էր Դոնալդ Թրամփին։

Տեսահոլովակում Շերը, Snoop Dogg-ը, Հիլարի Քլինթոնը, Ջոն Լեջենդը, DJ Khaled-ը ընթերցում են Մայքլ Վուլֆի «Կրակ ու բարկություն․ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ներսում» գիրքը։  Ըստ սյուժետի՝ նրանք անցնում  են լսումներ, որպեսզի  հաջորդ տարի պայքարեն «Լավագույն խոսակցական ալբոմ» անվանակարգում։

Տեսահոլովակի վերջում հայտնվում է Քլինթոնը։ Նա ընթերցում է հատված այն մասին, որ Թրամփը վախենում է թունավորվելուց, դրա համար էլ ֆասթ ֆուդ է ուտում։ Դրանից հետո կադրում հայտնվում է Քորդենն ու ասում, որ Քլինթոնն է լավագույնը ճանաչվել լսումների արդյունքներով։

 



© NEWS.am STYLE