Exclusive. Քրիս Բրաունի տեսահոլովակից մինչեւ Playboy. լուսանկարիչ Լեւոն Մուրադյանի հաջողության բանաձեւը

13:05   30 հունվարի, 2018

Շարունակելով արտերկրում մեր տաղանդավոր եւ հայտնի հայրենակիցների փնտրտուքները՝ Instagram-ում նկատեցինք ԱՄՆ-ում բնակվող լուսանկարիչ Լեւոն Մուրադյանի էջը: Լեւոնի հետ զրույցում պարզվեց, որ մեզ իզուր չէին հետաքրքրել նրա անկեղծ ու համարձակ աշխատանքները: Հայ լուսանկարիչն արդեն մեկ տարի է` պարբերաբար համագործակցում է Playboy եւ Sports Illustrated հայտնի պարբերականների, ինչպես նաեւ Warner Music Group եւ Atlantic Records ընկերությունների հետ, իսկ բոլորովին վերջերս Միացյալ Նահանգներում լույս է տեսել լուսանկարչի աշխատաքները ներկայացնող գիրքը: NEWS.am STYLE-ը Լեւոնի հետ զրուցել է իր աշխատանքների ոճի, հաջողությունների եւ հայ լուսանկարիչների մասին:

Լեւոնի ծնողները ծնունդով Երեւանից են, սակայն 1970-ական թթ. տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ էլ ծնվել է լուսանկարիչը:

Լուսանկարելու ձիրքը Լեւոնն իր մեջ հայտնաբերել է դեռեւս վաղ տարիքից.

«Երբ փոքր էի, ծնողներիս, զարմիկներիս, հորաքույրներիս եւ այլ հարազատներիս հետ հաճախ էինք ամառն անցկացնում եվրոպական տարբեր երկրներում: Հորեղբայրս մի տեսախցիկ ուներ, եթե չեմ սխալվում՝ Nikon, այն ինձ շատ էր հետաքրքրում: Այդ ժամանակվանից էլ նկատում էի լողափում զբոսնող մերկ կանանց, որոնք ազատ էին եւ ոչնչից չէին ամաչում: Այդ տարիներից սկսեցի լուսանկարել նրանց»,-ասում է Լեւոնը, որն իր գործունեությունը սկսել է որպես ռեժիսոր՝ համագործակցելով մի շարք հայտնի արտիստների հետ.

«Ես տեսահոլովակներ էի նկարահանում Քրիս Բրաունի, Լիլ Ուայնի համար… Մի օր էլ տեսահոլովակներից մեկի մոդելը խնդրեց ինձ լուսանկարել իրեն. երեւի 5 տարի առաջ էր, եւ ինձ դա դուր եկավ: Կարծում եմ՝ աշխարհում ավելի գեղեցիկ ոչինչ չկա, քան կինն ու օվկիանոսը: Հաճախ լուսանկարիչները լուսանկարում են այն, ինչն իրենց հոգեհարազատ է, ես էլ սիրում եմ կանանց: Այնքան շատ բան կա, որ կինը կարող է ասել իր աչքերով եւ արտահայտությամբ: Երբեմն նա առեղծվածային է, հաջորդ վայրկյանին՝ սեքսուալ, հենց դա է ինձ հետաքրքրում»:

Լեւոնը, սակայն, միայն կանանց գեղեցիկ մարմինները չի լուսակարում. նրան հետաքրքրում են նաեւ բնության տեսարանները՝ լողափը, ամայի տնակները: Իր առջեւ լուսանկարիչն արդեն դրել է իր հաջորդ նպատակը.

«Ցանկություն ունեմ ճանապարհորդել Եվրոպայով, լուսանկարել հույն, իտալացի, հուսով եմ՝ նաեւ հայ մոդելներին»,-ասում է նա:

Խոսելով վերջերս թողարկված իր գրքի մասին՝ Լեւոնն ասում է, որ այն ներկայացնում է իր երեք տարվա աշխատանքները.

«Հաճախ Instagram-ի իմ հետեւորդներն ինձ խնդրում են իրենց տրամադրել իմ աշխատանքներից որոշները՝ տպագրված տարբերակով, այդպիսով՝ իմ առջեւ նպատակ դրեցի եւ ստեղծեցի մի գիրք, որտեղ ներառված են իմ աշխատանքները: Այն հատուկ բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են նորաձեւությամբ եւ վինտաժային լուսանկարչությամբ, քանի որ դա է իմ ոճը: Ես ցանկանում եմ իմ լուսանկարներում շեշտադրել մոդելներին: Ես չեմ ցանկանում նրանց պարզապես մերկ ցույց տալ, ուզում եմ դրա միջոցով ներկայացնել նրանցին յուրաքանչյուրի անհատականությունն ու ներաշխարհը»:

Լեւոնն իր կյանքի կարեւորագույն ձեռքբերումն է համարում այն, որ աշխատում է որպես լուսանկարիչ, ասում է՝ մինչ օրս հասել է իր առջեւ դրված բոլոր նպատակներին:

«Եթե առանձնացնեմ ամենամեծ ձեռքբերումս, ապա դա կլինի Playboy ամսագրի հետ համագործակցությունս. ուրախ եմ, որ այդ նպատակս կարողացել եմ իրագործել»,-ասում է լուսանկարիչը, որն արդեն հասցրել է համագործակցել մի շարք հայտնի մոդելների հետ, որոնց թվում են՝ Սամանթա Հուփսը, Սիմոնե Հոլցնագերը, Հաննա Քըրքլին եւ այլք:

«Այն կանանցից շատերը, որոնց ես լուսանկարում եմ, նույնիսկ հայտնի չեն, իսկ ոմանք էլ բավականին ճանաչված մոդելներ են եւ աշխատում են Լոս Անջելեսի ամենահեղինակավոր գործակալություններում: Շատ ու շատ մոդելներ կան, որոնց հետ կցանկանայի աշխատել: Կարծում եմ՝ շուտով կիրականացնեմ իմ ծրագրերը, բայց հատկապես կցանկանայի լուսանկարել Բելլա եւ Ջիջի Հադիդներին»:

Լեւոնն ասում է՝ երբեք չի եղել Հայաստանում, բայց այս ամառ ցանկանում է գալ ու տեսնել հայրենիքը: Հայ լուսանկարիչների աշխատանքներին էլ հաճախ հետեւում է ու արդեն որոշակի կարծիք է կազմել.

«Անկեղծ ասած՝ հայ լուսանկարիչներից շատերը կենտրոնացած են հարսանիքներ կամ նման առիթներ  լուսանկարելու վրա: Չեմ նկատել շատ հայ լուսանկարիչների, որոնք նորաձեւություն են ներկայացնում...»:

Իսկ աշխատանքի մեջ Լեւոնին հաճախ ոգեշնչում են այլ անվանի լոսանկարիչների աշխատանքները, նրանցից նա հատկապես առանձնացրեց Հանս Ֆյուրերին, Սլին Արոնին, Հելմաթ Նյութոնին, Փիթեր Բեարդին, Գիլս Բենսիմմոնին եւ Հենրիկ Փյուրիենին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE