«Աշխարհը պետք է բացահայտի Արցախի զբոսաշրջային պոտենցիալը». TravelBlog.lv

15:06   30 հունվարի, 2018

Լատվիայի եւ Լիտվայի TravelBlog.lv բլոգը ֆիլմ է նկարահանել Արցախի Հանրապետության մասին: Բլոգի ստեղծագործական անձնակազմն Արցախում է եղել 2017 թվականի սեպտեմբեր ամսին:

«Լեռնային կիրճեր, հնագույն վանքեր, գյուղեր, ժամանակակից քաղաքներ եւ զարմանահրաշ մարդիկ. այս ամենը կարելի է տեսնել չճանաչված Արցախի Հանրապետության մասին ֆիլմում, որն առավել հայտնի է Լեռնային Ղարաբաղ անունով»,- գրված է բլոգում:

Ֆիլմի նկարահանող խումբը մեկ շաբաթ շրջել է Արցախի ամենագողտրիկ անկյուններում՝ փորձելով նորովի բացահայտել Արցախն ու ցույց տալ դրա զբոսաշրջային պոտենցիալը:

«Չնայած քաղաքական իրավիճակին՝ այստեղ հազարամյակներ շարունակ ապրում են հասարակ եւ հյուրընկալ մարդիկ: Նրանք մեծ ուրախությամբ են սպասում հյուրերին, որոնք ցանկանում են բացահայտել մեծ տուրիզի համար դեռեւս անհայտ այս հատվածը:

Վերջին տարիներին շատ բան է արվել, որպեսզի երկիրն էլ ավելի գրավիչ դառնա աշխարհի համար: Բարեկարգվել են ճանապարհները, բացվել են հյուրանոցներ՝ յուրաքանչյուրի գրպանին եւ ճաշակին համապատասխան: Խնդիրը միայն այն է, թե ինչպես մատուցել դա աշխարհին, որն ապրում է կարծրատիպերով եւ Ադրբեջանի ներկայացրած սարսափազդու պատմություններով: Միգուցե այս ֆիլմն օգնի», - գրված է բլոգում:

 



© NEWS.am STYLE