Exclusive. Մադոննայի եւ Բեյոնսեի հետ աշխատած հայ դիզայները համագործակցել է Թամար Կապրելյանի հետ

13:05   31 հունվարի, 2018

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի ֆավորիտերից մեկի` Թամար Կապրելյանի ելույթի ժամանակ հեռուստադիտողը բեմում կտեսնի նաեւ ԱՄՆ-ում հայտնի դիզայներ Մարիաննա Հարությունյանի զարդերը: Երգչուհին եւ դիզայները դեռեւս չցանկացան ցուցադրել այն զարդը, որը Թամարը կրելու է բեմում` թողնելով դա անակնկալ, սակայն NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում Բեյոնսեի, Մադոննայի, Լեդի Գագայի եւ մի շարք այլ աստղերի հետ համագործակցած դիզայները որոշ մանրամասներ է հաղորդել Թամարի հետ համագործակցությունից:

«Միասին աշխատելու առաջարկը ստացել եմ Թամարի խորեոգրաֆ Արթուր Գուրունլյանից: Նա հարցրեց` արդյոք կարո՞ղ եմ կոստյումային որոշ դետալներ պատրաստել Թամարի համար, ես էլ համաձայնվեցի նրանց հետ հանդիպել եւ քննարկում ծավալել թեմայի շուրջ: Նրանց երկուսին էլ շատ եմ սիրում, հոյակապ էներգետիկա ունեն եւ շատ բաց են իմ առաջարկների համար»,-ասում է Մարիաննան, որն աչքի է ընկնում իր յուրահատուկ, հաճախ նաեւ՝ շոկային զարդերով:

«Այո, ինչ խոսք, ես սիրում եմ շոկի ենթարկել մարդկանց (ծիծաղում է): Ես միշտ ասում եմ, որ ոչինչ շատ չի լինում: Ես դիմակներ եմ պատրաստել Թամարի պարողների համար, իսկ նա ելույթ կունենա գեղեցիկ գլխազարդով: Նա այնպիսի գեղեցիկ հագուստ է ընտրել, որ կարծում եմ` շատ զարդերի կարիք էլ չկա, դրա համար էլ միայն գլխազարդ եւ մատանիներ պատրաստեցի: Թամարը պարզապես հրաշալի տեսք կունենա` ինչպես միշտ: Չեմ համբերում, թե երբ եմ այդ ամենը տեսնելու բեմի վրա»:

Դիզայները շատ կցանկանար մրցութային օրերին լինել Հայաստանում, բայց աշխատանքի բերումով չի կարողանա դա անել:

«Հիմա մի նախագծի շուրջ եմ աշխատում: Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակներում համագործակցում եմ Լեդի Գագայի նախկին ոճաբան Նիկոլայի հետ: Բայց ուզում եմ ասել, որ ապագայում էլ մեծ սիրով կաշխատեմ Արթուրի եւ Թամարի հետ»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիաննա Հարությունյանի Instagram-ի եւ NEWS.am STYLE

 



© NEWS.am STYLE