Ինչպես է ձեւափոխվում մարմինը, երբ ուտում եք գիշերը

19:05   1 փետրվարի, 2018

Մեր ժամանակներում բոլորս ձգտում ենք ավելի գիտակցորեն վերաբերվել ավելորդ քաշի խնդրին՝ պարբերաբար զբաղվելով սպորտով, սննդակարգին հետևելով, հնարավորինս շատ շարժվելով և ուսափելով գիշերային ճաշկերույթներից: Բայց միշտ չէ, որ դա հնարավոր է լինում: Հատկապես դժվար է լինում դիմակայել  գիշերով որևէ բան ուտելու գայթակղությանը: Մինչդեռ հենց դա էլ կարող է ճակատագրական դառնալ ավելորդ քաշի դեմ պայքարում: Զուր չէ, որ սննդաբանները խորհուրդ են տալիս երեկոյան ժամը 6-ից հետո ոչինչ չուտել: Գիտնականներն ապացուցել են, որ հատկապես գիշերային սնունդը նպաստում է գիրացմանը:

Ինչու ենք մենք հենց գիշերով քաղց զգում

Պատճառները երեքն են՝

ֆիզիոլոգիական, այլ կերպ ասած՝ օրվա ընթացքում սննդի պակասը

թաքնված քաղց. չհամակարգված և ոչ լիարժեք սնունդն օրվա ընթացքում օրգանիզմում սննդարար նյութերի պակասի է հանգեցնում

հոգեբանական, երբ մենք սնվելով փորձում ենք պայքարել սթրեսի դեմ

Ինչպես են գիշերային ճաշկերույթներն ազդում օրգանիզմի վրա

Որպես կանոն մարդը գիշերը քնում է, և օրգանիզմն այդ ժամանակ հանգստի վիճակում է: Եվ հանկարծ դուք անհագ ցանկությամբ ստամոքս եք ուղարկում տավարի միս տապակած կարտոֆիլով և մայոնեզով աղցան: Հանգստի վիճակում գտնվող աղիները որքան էլ ջանք գործադրեն, չեն կարող այդքան սնունդը մարսել: Ուստի սնունդն ամբողջությամբ չի մարսվում և մնալով աղիներում՝ նպաստում է թույների առաջացմանը: Բացի դա, ածխաջրերը նպաստում են ինսուլինի մեծ քանակությամբ արտադրությանը, ինչն էլ լյարդում և ճարպային հյուսվածքներում շաքարի բաշխման խանգարման է հանգեցնում, և օրգանիզմում ավելորդ ճարպեր են կուտակվում:

Ինչպես խուսափել գիշերն ուտելուց

Աշխատեք օրվա ընթացքում լիարժեքորեն սնվել՝ մոտ 5 անգամ:

Սննդակարգը որքան հնարավոր է բազմազան դարձրեք՝ դրանում ներառելով անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, միկրոնյութեր:

Սթրեսի դեմ պայքարելու այլընտրանքային միջոցներ գտեք՝ երեկոյան զբոսանքներ, սպորտ, վազք, յոգա, ֆիլմի դիտում և այլն:

Որ դեպքերում է թույլատրվում ուտել գիշերը

Բոլորին չէ, որ խորհուրդ է տրվում ուշ երեկոյան սահմանափակել գաստրոնոմիական ցանկությունները: Տարիներ առաջ իսրայելցի գիտնականները հետազոտություններ իրականացնելով պարզել էին, որ երեկոյան ժամը 8-ից հետո առատորեն սնվող մարդիկ հաճախ ավելի արագ են ձերբազատվում ավելորդ կիլոգրամներից, քան նրանք, ովքեր օրվա ընթացքում նախընտրում են լավ սնվել, իսկ երեկոյան ժամը 6-ից հետո այլևս ոչինչ չեն ուտում: Պատճառն այն է, որ քնելուց առաջ սնվողները որպես կանոն բաց են թողնում նախաճաշը և օրվա ընթացքում շատ քիչ են սնվում: Այսինքն՝ ուշ սննդի կալորիականությունը չի գերազանցում ցերեկային սննդակարգի էներգետիկ արժեքը: Այլ կերպ ասած՝ եթե դուք չեք հասցնում նախաճաշել, ապա կարող եք ընթրել սովորականից շատ ավելի ուշ՝ առանց կառուցվածքին վնաս հասցնելու: Բայց կարևոր է հիշել, որ քնելուց առաջ ցանկալի է ցածր կալորիական և առանց շաքարի սնունդ ուտել՝ շիլաներ, կանաչ խնձոր, ինսուլինի ավելորդ արտազատումից խուսափելու և գիշերը հանգիստ քնելու համար:

 

 

Աղբյուր՝ Elle

Լուսանկարը՝ thinkstockphotos.com



© NEWS.am STYLE