Անժելա Բարխուդարյանը՝ Րաֆֆի Ալթունյանի հետ համագործակցության եւ Հայաստան վերադառնալու պատճառների մասին (ֆոտո/վիդեո)

16:04   1 փետրվարի, 2018

Երգչուհի եւ հաղորդավարուհի Անժելա Բարխուդարյանը էկրանային տեւական դադարից հետո տարեվերջին ներկայացրեց իր նոր աշխատանքը, որը համագործակցություն է երգիչ Րաֆֆի Ալթունյանի հետ: Երգիչները, որոնք արմատներով Վրաստանից են, ներկայացրեցին City of Memories տեսահոլովակը, որը վրացերենով է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհի-հաղորդավարուհին խոսել է նոր զուգերգի եւ Հայաստան վերադառնալու  հիմնական պատճառի մասին:

«Այդ համագործակցությունը ծնվեց մի քանի ամիս միեւնույն վայրում աշխատելու արդյունքում: Ես եւ Րաֆֆին արմատներով Վրաստանից ենք, եւ այդ զուգերգի միտքը ծագեց երկուսիս մոտ: Ես միշտ ցանկացել եմ երգել եւ տեսահոլովակ ունենալ այն քաղաքում, որտեղ ծնվել եւ մեծացել եմ, որտեղ անցել է իմ անհոգ մանկությունը, որտեղ ես եղել եմ երջանիկ»:

Անժելան երկար տարիներ բնակվում էր Ռուսաստանում, իսկ Հայաստան վերադարձել է կոնկրետ նպատակով. «Վեց տարի Ռուսաստանում էի, որտեղ աշխատում էի Պոնոմորենկոյին անվան ֆիլհարմոնիայում: Վերադարձս կարող եմ կապել երեխաներիս հետ, քանի որ ես եւ ամուսինս որոշեցինք, որ մեր երեխաները պետք է Հայաստանում հաճախեն դպրոց»,-ասում է նա:

Անժելան խոստովանում է՝ հեռուստատեսություն վերադառնալու ցանկություն միշտ ունեցել է, սակայն հարմար առաջարկ չի ստացել: Խոսելով իր երաժշտական հետագա գործունեությունից՝ երգչուհին նշեց. «Դեռ միայն երգեր են ինձ ուղարկում, ընտրություն չեմ կատարել: Եվս մեկ զուգերգի առաջարկ ունեմ, բայց փակագծերը դեռ չեմ բացի»:

Հարցազրույցներից մեկում երգչուհին նշել էր, որ շոու-բիզնես վերադառնալու ցանկություն չունի, բայց պատճառներից չցանկացավ խոսել.

«Ես տասը տարի առաջ եմ թողարկել իմ առաջին եւ վերջին ձայնասկավառակը: Շատ չեմ ուզում անկեղծանալ, պատճառներ շատ կան…»:

Անժելան ասում է՝ կյանքից փորձում է վերցնել միայն դրականը, իսկ հարցին, թե ինչով է հիմնականում զբաղվում այս շրջանում, երգչուհին պատասխանեց. «Ապրում եմ: Գնահատում այն, ինչ ունեմ :) »:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անժելա Բարխուդարյանը



© NEWS.am STYLE