Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն եւ հայկական էստրադայի աստղերը՝ Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին նվիրված համերգին (ֆոտո/վիդեո)

23:01   2 փետրվարի, 2018

Վախթանգ Կիկաբիձեն եւ Նանի Բրեգվաձեն այսօր՝ փետրվարի 2-ին, Երեւանում մասնակցեցին Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վրաց արտիստների հետ ելույթ ունեցան հայկական էստրադայի ներկայացուցիչներ՝ Լեյլա Սարիբեկյան, Արթուր Իսպիրյան, Մհեր, Սարո, Արսեն Սաֆարյան, Արփի Շահնուբարյան, Վարդան Բադալյան, Մաշա Մնջոյան, Ռազմիկ Ամյան, Արման Հովհաննիսյան, Զարուհի Բաբայան, «Արցախի ձայներ» եւ այլք: 

Հաաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ հնչեցին Հեքիմյանի ամենահայտնի ստեղծագործությունները:

Նախքան համերգը՝ լրագրողների հետ զրույցում Կիկաբիձեն կիսվեց Ալեքսեյ Հեքիմյանի հետ առաջին ծանոթության հուշերով.

«Շատ հետաքրքիր ենք ծանոթացել: Թբիլիսիում ինձ զանգահարեց Վրաստանի ներքին գործերի վարչության ղեկավարն ու ասաց՝ Մոսկվայից գեներալ է եկել, երգեր է գրել քեզ համար, ուզում է՝ երգես, ես միանգամից ասացի՝ ոչ: Իհարկե, եկան, տարան ինձ: Գնացի՝ տեսնեմ պաշտոնական համազգեստով կանգնած է Հեքիմյանը: Ասաց՝ 14 երգ եմ գրել Ձեզ համար: Ես էլ ասացի՝ միայն կոնյակ բերեք, բոլորը կերգեմ: Այդպես երեք ժամում 14 երգ ձայնագրեցինք, այնուհետ սկսվեց մեր ընկերությունը»,- պատմեց Կիկաբիձեն՝ առանձնացնելով իր սիրելի երգերը՝ «Ցանկություն», «Ձյուն», «Կովկասյան հարսանիք»:

Նանի Բրեգվաձեն էլ խոստովանեց, որ Հեքիմյանի «Ձյուն» երգը կատարելուց հետո իրեն սկսեցին «Ձյուն» կոչել:

Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE