«Անմիջապես ցանկություն հայտնեցի ծանոթանալ նրա հետ». Լիա Զախարյանն ու կապուտաչյա Մոլլին՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

12:08   5 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ը նոր խորագիր է սկսում: Այսուհետ ձեզ կներկայացնենք ֆոտոշարքեր՝ հայտնիների եւ նրանց չորքոտանի ընկերների մասնակցությամբ: Մեր ֆոտոշարքի առաջին հերոսները դերասանուհի Լիա Զախարյանն ու կապուտաչյա գեղեցկուհի Մոլլին են: Մոլլին հասկի ցեղատեսակի շնիկ է, նա դեռ չորս ամսական է, Լիայի ընկերներից մեկինն է, սակայն դերասանուհին կարճ ժամանակում հասցրել է մտերմանալ շնիկի հետ եւ նրան համարում է իր հավատարիմ ընկերներից: Այդ պատճառով էլ դերասանուհին ցանկություն հայտնեց հենց նրա հետ լուսանկարվել:

Ի դեպ, ֆոտոշարքն իրականացնելիս Լիան մեզ պատմեց նաեւ, որ Մոլլիի տատիկը նկարահանվել է հոլիվուդյան հայտնի ֆիլմերից մեկում, որը կոչվում է «Սպիտակ գերություն»:

«Մոլլիի հետ մեր ծանոթությունը շատ անսպասելի եղավ: Շատ պատահական իմացա, որ ընկերներիցս մեկն ունի հասկի ցեղատեսակի շնիկ՝ կապուտաչյա ու խելացի: Անմիջապես ցանկություն հայտնեցի ծանոթանալու եւ նրա հետ զբոսնելու: Առհասարակ կենդանիներից շներին եմ սիրում: Նրանց հետ շփվելու փորձ էլ ունեմ, ինչն ինձ օգնեց «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմում նկարահանվելիս: Սիրում եմ խաղալ նրանց հետ, նրանց հավատարմությունը, քեզ պաշտպանելու պատրաստակամությունն ու չարն ու բարին տարբերելն եմ սիրում»,-ասում է դերասանուհին, որը փոքր տարիքում պահել է թե շուն, թե կատու.

«Ինձ ավելի հոգեհարազատ է շունը: Տարբեր ցեղատեսակի շներ պահել եմ: Երբ նեղված էի լինում, նստում էի նրանց կողքին ու կիսվում նրանց հետ՝ համոզված լինելով, որ նրանք ինձ հասկանում են: Համաձայն եմ այն ասվածի հետ, որ շունը երբեք իրեն կերակրող ձեռքը չի կծի»,-ասում է դերասանուհին, որը միշտ սիրով է ժամանակ անցկացնում Մոլլիի հետ, սակայն տխրությամբ է նշում, որ աշխատանքային զբաղվածության պատճառով այդ հանդիպումները հաճախակի չեն լինում: Այնուամենայնիվ, Մոլլիի հիմնական նախասիրություններին արդեն հասցրել է ծանոթանալ.

«Մոլլին ուտել է շատ սիրում, սիրում է քնել ավտոմեքնայով ճանապարհորդելիս, ենթարկվում է, երբ նրան ցույց են տալիս իր սիրելի ուտելիքը»:

Լիան նաեւ մեծ հույսեր է կապում Դեղին Շան տարվա հետ՝ համոզված լինելով, որ այն դրական կլինի իր հանդեպ.

«Այս տարի Դեղին Շան տարի է: Այս տեսակը բավականին դրական որակներ է պարունակում: Նրանք խելացի են, անկեղծ, նվիրված, խիզախ: Շունը հստակ զգում է դիմացինի տրամդրությունը, մտնում նրա դրության մեջ եւ փորձում ամեն կերպ բարձրացնել տրամադրությունդ: Այս տարի շատ հաջող տարի կլինի ինձ համար, քանի որ ես ծնվել եմ Կապիկի տարում, համաստեղությամբ Կշեռք եմ, լավատեսությունն է ինձ մոտ գերակշռում այս տարի:  Հուսով եմ՝ Դեղին Շունը կօգնի ինձ ճիշտ ճանապարհի վրա կանգնել: Մայրս Շան տարում է ծնվել, եւ ինչպես նա է ինձ փորձում պաշտպանել սխալներից, նույնն էլ այս տարվա խորհրդանիշը կանի եւ ճիշտ կուղղորդի դեպի այն երջանկությունն ու հաջողությունը, որին ես ձգտում եմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE