«Ես չեմ սիրահարվում». «Ոսկե դպրոց»-ից հայտնի Իլոնա Նուրբեկյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

13:06   5 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ այլն:

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին «Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի դերասանուհի Իլոնա Նուրբեկյանն է: 

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Երբ, առհասարակ, սկսեցի մտածել, թե ինչով եմ ես ցանկանում զբաղվել իմ ամբողջ կյանքի ընթացքում, որպեսզի դա չլինի ինձ համար մի աշխատանք, որը ես պետք է կատարեմ՝ սիրով կամ որպես անհրաժեշտություն, այլ դառնա ապրելակերպիս մի մասը, եւ հոգումս լինի աննկարագրելի ներդաշնակություն: Հենց այդ վայրկյանից էլ հասկացա, որ ես պարզապես պարտավոր եմ լինել դերասանուհի:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Տատիկիս. փոքրուց էլ այդպես էի անում, եւ ոչ մի բան չի փոխվել մինչ օրս: Նա ինձ համար ամենահարազատ հոգին է այս աշխարհում:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Ես չեմ սիրահարվում, ես կամ սիրում եմ, կամ՝ ոչինչ չեմ զգում: Սիրահարվել՝ ավելի ճիշտ կլինի կոչել համակրանք հակառակ սեռի հանդեպ. դա 16 տարեկանում եմ զգացել առաջին անգամ:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

21 տարեկանում:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Դպրոցական տարիքում՝ 4-րդ կամ 5-րդ դասարանում: Զգացողությունները բոլորովին այլ էին, քան հիմա, երբ սեր խոստովանեն :)

Առաջին հիասթափությունը...

Երբ հասկացա, որ կյանքում ամեն ինչ չէ, որ լինում է այնպես, ինչպես դու ես ուզում: Այդ ժամանակվանից էլ, կարելի է ասել, ձեւավորվեց իմ ներքին Ես-ը, երբ սկսեցի ձգտել, ապրել ու անել այնպես, որ հիասթափություն բառն անգամ չհիշեմ:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Չեմ կարող մտաբերել, բացի այդ՝ ամեն տարիքում դժվարությունների մասին պատկերացումներն այլ են լինում: Ես սիրում եմ «դժվարություն» ասվածը, չէ՞ որ դա այնքան ուժ է տալիս: Դրանից հետո միայն կարող ես զգալ հաջողությունների իրական արժեքը:

Նկարահանվելու առաջին առաջարկը:

Պատանեկան տարիներին… Սակայն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ զուտ առաջարկ էին մնում:

Առաջին մեծ հաջողությունը:

1996 թ-ի մայիսի 9-ին, երբ լույս աշխարհ եկա. դա իմ կյանքի ամենամեծ ու անգերազանցելի հաջողությունն է…

Ձեզ համար առաջնային է...

Արվեստ, բնություն, բարոյականություն, երջանկություն, գեղեցկություն, իրեր, մարդիկ, աշխարհ, կյանք…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իլոնա Նուրբեկյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE