Ումա Թուրմանը պատմել է 16 տարեկանում բռնաբարության զոհ դառնալու եւ Հարվի Վայնշթեյնի սեռական ոտնձգությունների մասին

16:03   5 փետրվարի, 2018

Ումա Թուրմանը պատմել է 16 տարեկանում բռնաբարության ու Հարվի Վայնշթեյնի սեռական ոտնձգությունների մասին։ 47-ամյա դերասանուհին հոդված է հրապարակել The New York Times ամսագրում, որում մանրամասն պատմել է իր կյանքի մասին։

Ումա Թուրմանը պատմել է բռնաբարության մասին, որը տեղի է ունեցել, երբ նա 16 տարեկան էր ու ապրում էր Նյու Յորքում։ Նա մի անգամ ակումբում ծանոթացել է մի հայտնի դերասանի հետ, որը նրանից 20 տարով մեծ էր։ Նրանք զրուցել են ակումբում, ու դեռատի Թուրմանը նրան հյուր է գնացել՝ չկանխատեսելով տղամարդու իրական մտադրությունները։

«Ես այն ժամանակ շատ հնազանդ էի։ Ես փորձեցի դիմադրել, ես լացում էի, անում էի այն ամենը, ինչ կարող էի։ Նա ինձ ասաց, որ դուռը փակ է, բայց ես վազեցի դռան մոտ ու փորձում էի բացել այն։ Երբ տուն վերադարձա, հիշում եմ, թե ինչպես էի հայելու առաջ կանգնած նայում իմ ձեռքերին ու բարկանում, որ դրանք արյունոտ կամ կապտուկներով չեն»,- գրել է Թուրմանը։

Թուրմանը նաև պատմել է պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի կողմից ոտնձգությունների մասին։ Նրա խոսքով՝ «Քրեական ընթերցանություն» ֆիլմի հաջողությունից հետո Վայնշթեյնն իրեն Փարիզում հրավիրել է հյուրանոց՝ հանդիպման, ու առաջարկել սաունա գնալ միասին։ Թուրմանի խոսքով՝ այն ժամանակ ինքն արագ հեռացել է։ Որոշ ժամանակ անց նա Հարվիին հանդիպել է Լոնդոնի հյուրանոցում։

«Նա հրեց ինձ։ Փորձեց ինձ վրա բարձրանալ։ Փորձում էր ինձ ցուցադրել իր սեռական օրգանները։ Նա շատ տհաճ բաներ էր անում»,- պատմել է նա։

Պրոդյուսերն իր ներկայացուցչի միջոցով արդեն հայտարարություն է արել Ումայի պատմության մասին։ Հարվին հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքներն ու նույնիսկ սպառնում դատի տալ Ումային՝ զրպարտության համար։



© NEWS.am STYLE