Սեռական կախվածության մասին 7 փաստ

23:07   9 փետրվարի, 2018

Սեռական կախվածությունը ինտիմ ոլորտի զարգացող խախտում է, որը բնութագրվում է սեռական բնույթի սեւեռուն մտքերով եւ գործողություններով: 

1. Հոգեբանները կարծում են, որ սեռական կախվածությունից տառապող մարդիկ սեքսը դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոց, բայց ոչ որպես ինքնին նպատակ: Իրականում գուցե գործ ունեն ցավից, տագնապից խուսափելու կամ դրանք նվազեցնելու հետ: Պատահական սեռական կապերի հակման եւ սեռական կախվածության միջեւ տարբերությունը կայանում է նրանում, թե մարդն իրեն ինչպես է զգում սեքսից հետո: Մի բան է վայելել սեքսը, բայց կախվածություն ունեցող մարդը, որպես կանոն, սեքսն օգտագործում է որպես խնդիրները թեթեւացնելու միջոց կամ որպես միջոց`շեղվելու այն խնդիրներից, որոնց չի ուզում բախվել: Մարդիկ հաճախ ամաչում են սեռական գործողությունից:  

2. Սեռական կախվածություն ունեցողների 2/3-ը տղամարդիկ են: Քանի որ խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրությունն ի հայտ է եկել մոտ 10 տարի առաջ, դժվար է ասել՝ արդյոք նման գերակշռությունը կենսաբանակա՞ն, թե՞ մշակութային է իր բնույթով: Գենետիկական տվյալների համաձայն, տղամարդիկ սեռական ավելի մեծ հակում ունեն, քան կանայք, այդ պատճառով ավելի են հակված սեռական կախվածության: Բայց արժե հաշվի առնել այն փաստը, որ շատ կանայք չեն ցանկանա խոստովանել սեռական կախվածությունը`վախենալով դատապարտումից։

3. Սեքսի մասին մտքերը կպչուն են եւ խաթարում են նորմալ կյանքը: Ինչպես ցանկացած այլ կախվածության պարագայում, սեռական կախվածություն ունեցող մարդու առօրյա կյանքին խանգարում են սեքսի մասին կլանող մտքերը, լինի դա ինքնաբավարարումը, թե սեռական ակտը: Նման մարդիկ կարող են չհասկանալ, թե իրենք ինչու են սեռական գործողություններ կատարում, կամ էլ իրենց ուղեղը ողողում սեքսի մասին մշտական մտքերով եւ դուրս մղում մնացած հետաքրքրությունները:   

4. Գոյություն ունի մոնոգամ սեռական կախվածություն: Չնայած դա կարող է հակասական հնչել, դավաճանությունը ոչ միշտ է ուղեկցում սեռական կախվածությունը: Դեպքեր են եղել, երբ ամուսինը սեռական առումով կախված է եղել կնոջից: Դա խնդիրների է հանգեցրել, որովհետեւ ամուսինը կնոջը նայել է որպես իր ցանկությունների բավարարման ինքնատիպ առարկայի եւ նրա հետ այնպես չի  վարվել, որպես իր կնոջ: 

5. Սեռական բռնության զոհերը մանուկ հասակում հաճախ են կրկնում բռնությունը՝ ենթագիտակցաբար փորձելով վերահսկել մանկական տրավման: Հաճախ կանայք, որոնց նկատմամբ մանուկ հասակում սեռական բռնություն է կատարվել, հակված են սեռական կախվածության: Թվում է, թե դա հակասում է առողջ բանականությանը, բայց սեռական բռնության դեպքում երեխան կարող է շփոթել սեռականության սահմանները եւ չգիտակցել, որ սեռական կախվածությունն անառողջ պահվածք է:  

6. Թմրանյութային կախվածությամբ մարդիկ եւս հաճախ տառապում են սեռական կախվածության պահվածքով: Այդ խնդիրն ի հայտ է գալիս կամ այն ժամանակ, երբ չարաշահում են թմրանյութերը, կամ երբ թողնում են թմրանյութի օգտագործումը, եւ որպես փոխարինող պահվածք նրանց մոտ սեռական կախվածություն է զարգանում: 

7. Սիրային կախվածությամբ մարդիկ եւս կարող են տառապել սեռական կախվածությունից: Այդ դեպքում, նրանք սեքսն օգտագործում են սեր ստանալու եւ այլ մարդուց ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվելու համար: 

Իհարկե, սեռական կախվածության նման դեպքերում պրոֆեսիոնալ հոգեբան կամ հոգեթերապեւտ է անհրաժեշտ, որը կարող է հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են ընկած սեռական պահվածքի հիմքում: Բացահայտելով մեր ֆանտազիաների եւ պահվածքի ոչ սեռական նշանակությունը`հասկանալու, թե մեզ իրականում ինչ է անհրաժեշտ, հնարավոր է կախվածություն ունեցող մարդուն օգնել բավարարման այլընտրանքային աղբյուրներ գտնել: 

 

 

Աղբյուրը` Otvetnavse.com

 



© NEWS.am STYLE