«Կարծում եմ՝ հայկական գեները զգացվում են մեր զարդերի մեջ». Թաիլանդում հայտնի Artinian բրենդը տոնել է ստեղծման 21-ամյակը

15:05   6 փետրվարի, 2018

Հայկական Artianian բրենդը, որը ներկայացնում է թանկարժեք զարդեր, հիմնադրվել է 1997 թ-ին՝ Թաիլանդում: Բրենդի ստեղծման 21-ամյակի առիթով ստեղծվել է նոր՝ Parisienne հավաքածուն, որը ներկայացվել է Բանգկոկի Mandarin Oriental հյուրանոցում:

Բրենդի հոբելյանի առթիվ Luxuo կայքը զրուցել է Արտո Արտինյանի հետ, որը եղբոր՝ Սարո Արտինյանի հետ է հիմնադրել Artinian բրենդը:

«Մեր նոր՝ Parisienne հավաքածուն ստեղծվել է հատուկ Artinian տան ցուցադրության համար: Այն ներառում է վզնոցներ, ապարանջաններ, մատանիներ ու ականջողեր, որոնք պատրաստված են ադամանդից: Մեր այս հավաքածուն ստեղծված է հատուկ առիթների համար, ինչպիսիք են, օրինակ, գալաներն ու կարմիր գորգի արարողությունները: Զարդերը պատրաստված են դասական ոճով, իսկ յուրահատուկ չափսերի ադամանդները առանձնակի փայլ են հաղորդում դրանց»:

Հարցին՝ արդյոք բրենդն իր մեջ պարունակո՞ւմ է նաեւ հայկական էլեմենտներ, Արտինյանը պատասխանել է.

«Շատ դժվար է մատնանշել հայկական ծագումը մեր զարդերի մեջ: Միգուցե, այն առկա չէ զարդերի դիզայնի մեջ, բայց առկա է ամբողջ պատրաստման գործընթացում: Հայերն ամբողջ աշխարհին հայտնի են իրենց ձիրքով, շատերն են տիրապետում զարդեր պատրաստելու արվեստին եւ դրա մանրուքներին: Կարծում եմ՝ հայկական գեները զգացվում են մեր զարդերի մեջ»:

Աղբյուրը՝ Luxuo.com



© NEWS.am STYLE