Simon & Garfunkel-ի հանրահայտ երաժիշտ Փոլ Սայմոնը հայտնել է համերգային գործունեության դադարեցման մասին

17:29   6 փետրվարի, 2018

Simon & Garfunkel-ի 76-ամյա երաժիշտ Փոլ Սայմոնը հայտնել է համերգային գործունեության դադարեցման մասին։ Variety-ն գրում է, որ երաժիշտը հայտարարել է իր հրաժեշտի շրջագայության մասին, որը սկսվելու է մայիսի 16-ին ու անցնելու է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։

«Ես միշտ ինքս ինձ հարցրել եմ՝ երբ եմ հասնելու այն կետին, երբ կվճռեմ դադարեցնել իմ գործունեությունը։ Հիմա ես հասկանում եմ, որ սա այն պահն է, երբ դու միաժամանակ զգում ես, որ դեռ չասված բաներ են մնացել, բայց կա նաև երջանկության ու թեթևացման զգացողություն»,- ասել է Փոլը։

Երաժիշտի խոսքով՝ ինքը սիրում է երաժշտությամբ զբաղվել, իր ձայնը դեռ առաջվա պես լավն է։

Հյուրախաղերից հրաժարվելու պատճառներից մեկն էլ կիթառահար ու Սայմոնի վաղեմի ընկեր Վինսենթ Նգունիի մահն էր 2017-ի դեկտեմբերին։

Սայմոնը նշել է, որ հրաժեշտի շրջագայությունից հետո բացառված չեն եզակի ելույթները, ընդ որում՝ ստացած շահույթը հատկացվելու է բարեգործական նպատակներով։

Սայմոնը 16 անգամ պարգևատրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունում, Ռոք-ն-ռոլի փառքի սրահի անդամ է։ Նա 13 սոլո ալբոմ է թողարկել ու հինգ ալբոմ՝ Simon & Garfunkel-ի կազմում։

 



© NEWS.am STYLE