Ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան պնդում է, որ Օլգա Բուզովան թմրամոլ է

11:02   7 փետրվարի, 2018

Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան նորից ուշադրության կենտրոնում է։ Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին Դանան փորձել էր ինքնասպան լինել։

Հայտնի է, որ Դանան չարաշահում էր ալկոհոլն ու թմրադեղերը, որից հետո նա Թաիլանդ էր մեկնել՝ բուժման։ Վերադառնալով այնտեղից՝ Դանան սկսել է «պատերազմել» Մաշա Մալինովսկայայի հետ, որը «նվաստացրել» էր Դանա Բորիսովային՝ նրան անվանելով «թմրադեղերից խելքը թռցրած ծիտ»։

Հիմա, գրեթե երկու ամիս անց, Դանա Բորիսովան բարձրագոչ հայտարարություն է արել։

«Իմ ուղին սթափությունն է,- հայտնել է նա Dni.Ru-ին տված հարցազրույցում,- Ես երբեք չեմ շեղվի այդ ուղուց։ Ես շրջանցում եմ խանութներում խմիչքի ցուցափեղկերը, Ամանորին շամպայն չխմելու համար ես պարզապես պառկեցի քնելու»։ Հիմա նա իր առաքելությունն է համարում ուրիշներին օգնելը։

Օրինակ, Դանան, չգիտես ինչու, համարում է, որ Օլգա Բուզովան սինթեթիկ թմրադեղեր է գործածում։ Նման տեսակետ է նա հայտնել այն բանից հետո, երբ դիտել է Instagram-ում Բուզովայի տեսագրությունը, որտեղ նա խոսում է նոր iPhone հեռախոսների մասին։ Նա, ըստ երեւույթին, կասկածում է, որ Բուզովան այնտեղ թմրադեղերի ազդեցության տակ է։ Չնայած լուրջ փաստարկներ նա չի ներկայացրել։

Ավելի վաղ Դանա Բորիսովան հայտնել էր, որ մտադիր է Սամուի կղզու կլինիկա ուղարկել իր մի քանի աստղային գործընկերների։ Ու նույնիկ ակնարկել է, թե ում նկատի ունի։ «Ես կոչ եմ անում մեր շոու բիզնեսում փրկել երկու շիկահերների՝ հայտնի հեռուստահաղորդավարուհուն, որը անկառավարելի է, ու որի մազերն արդեն թափում են, ու բալետի պարուհուն»,- վստահեցնում է Դանան։

A post shared by Ольга Бузова (@buzova86) on

«Վոլոչկովայի հետ ես, իհարկե, չեմ խմել, բայց նրա ծանոթներից շատերն են ինձ գրում՝ խնդրելով փրկել նրան։ Իսկ Մալինովսկայայի տեսքից էլ է երեւում, որ նա ինչ-որ բան է գործածում։ Իհարկե, նրանք կժխտեն իրենց կախումը՝ դա բնորոշ է նման խնդիր ունեցող մարդկանց»,- մեկնաբանել է Դանան իր բարձրագոչ հայտարարությունը։



© NEWS.am STYLE