«Զարմանում եմ, թե մինչեւ հիմա ինչպես եմ ողջ». Էշթոն Քաթչերը դարձավ 40 տարեկան

16:45   7 փետրվարի, 2018

Այսօր ծննդյան 40-ամյակն է նշում Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը` Էշթոն Քաթչերը:

Քաթչերը փայլում է կատակերգական ժանրում, սակայն նրա մանկությունն այդքան էլ ուրախ չի անցել: Դերասանի համար իսկական փորձություն է եղել տեսնել սրտային հիվանդություն ունեցող եղբոր տանջանքները: Նա մի առիթով խոստովանել է, որ եղել են օրեր, երբ չի ցանկացել տուն վերադառնալ, քանի որ գիտեր` հնարավոր է եղբայրը կրկին իրեն վատ զգա, իսկ նա չէր ցանկանում տեսնել այդ տեսարանը:

Դերասանը նաեւ պատմել է, որ, նույնիսկ ինքնասպանության փորձեր է կատարել: 13 տարեկանում նա ցանկացել է նետվել բարձրահարկ շենքից, սակայն, բարեբախտաբար, նրա հայրը ժամանակին հասել է օգնության:

Ի ուրախություն շատերի` ապագա սրտակերին հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարություններն ու դառնալ Հոլիվուդի ամենասիրված ու հմայիչ աստղերից մեկը:

Էշթոնը գրավել է բազմաթիվ աղջիկների, այդ թվում նաեւ հայտնի դերասանուհիների սրտեր: Տեւական ժամանակ Քաթչերն ամուսնացած է եղել գեղեցկուհի Դեմի Մուրի հետ, որը նրանից մեծ է 15 տարով: Այսօր Էշթոնի կնոջ կարգավիճակում մեկ այլ հոլիվուդյան գեղեցկուհի է` Միլա Կունիսը:

Էշթոն Քաթչերի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ինձ համար մոդելինգը հեշտ գործ է, քանի որ այն ենթադրում է ունենալ ցանկալի տեսք, իսկ դա ինձ մոտ հեշտ է ստացվում, ինչի համար շատ ուրախ եմ»:

«Ծնողներիցս ֆինանսական մեծ աջակցություն չեմ ստացել, բայց ժառանգել եմ լավ գեներ»:

«Աշխարհում ամենասեքսուալ բանը խելացի եւ սրտաբաց լինելն է»:

«Քո լավագույն շապիկը պետք  լինի քո անկողնու պես: Դու պետք է հարմարավետ զգաս դրա մեջ»:

«Ես հաստատ երբեւէ չեմ համարվի Հոլիվուդի լավագույն դերասանը, բայց ուզում եմ լինել ամենաաշխատասերը»:

«Իմ կյանքի ամենաարժեքավոր հատկանիշը մրցակցության մեջ մտնելն է: Կարծում եմ՝ դա է ինձ ձեւավորել որպես տղամարդ»:

«Մենք բոլորս էլ ապրում ենք խաղատներում: Ամեն ինչ տեսագրվում է, ձայնագրվում: Մենք հեշտությամբ կարող ենք իմանալ ցանկացածի մասին տեղեկություն»:

«Ամերիկացիները կարծում են, թե նրանք ունեն պատմություն, բայց դա ոչինչ է, եթե համամետենք Եվրոպայի պատմության հետ»:

«Շատ առավոտներ են եղել, որ արթնացել եմ՝ չհիշելով, թե ինչ եմ արել նախորդ գիշեր: Զարմանում եմ, թե մինչեւ հիմա ինչպես եմ ողջ»:

«Իրականում մեր կրած ձախորդությունները արժեքավոր դասեր են դառնում մեզ համար»:

Լուսանկարները՝ l.pinimg.com, l.yimg.com, tvinsider.com



© NEWS.am STYLE