Էլթոն Ջոնը չեղարկել է համերգները, որպեսզի ներկա գտնվի արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին

15:45   7 փետրվարի, 2018

Մայիսի 19-ին կայանալու է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հարսանիքը։ Արքայազնն ու 36-ամյա ամերիկացի դերասանուհին արդեն կազմել են հյուրերի ցուցակը։ Հարսանիքին 600 մարդ է հրավիրված, այդ ցուցակում հաստատ չկա արքայազն Հարիի հորեղբոր՝ Յորքի դուքս, Եղիսաբեթ երկրորդի որդի, արքայազն Էնդրյուի նախկին կնոջ՝ Սառա Ֆերգյուսոնի անունը։

«Նրանք Սառային չեն հրավիրել հարսանիքի, քանի որ նա չի կարողանում գաղտնիություն պահպանել։ Նա շատախոս է ու ավելորդ բաներ կպատմի մամուլին»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։

Իսկ, ահա, արքայազն Հարիի հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի մտերիմ ընկերը՝ երգիչ Էլթոն Ջոնը, հարսանիքին հրավիրված է։

«Ես շատ եմ սիրում Հարիին, հաճելի կլինի ներկա գտնվել նրա հարսանիքին»,- ավելի վաղ հայտնել էր երգիչը։

Ի դեպ, The Sun-ը գրում է, որ 70-ամյա երգիչը երկու համերգ է չեղարկել Լաս Վեգասում, որպեսզի մասնակցի հարսանիքին:

Լուսանկարները՝ REX, Wireimage, Shutterstock, Getty

 



© NEWS.am STYLE