Միլա Յովովիչը կնկարահանվի ֆանտաստիկ սարսափ ֆիլմում

17:35   7 փետրվարի, 2018

Ոչ, սա «Չարիքի ապաստանը» չէ։ Հիասքանչ, տաղանդավոր ու հոյակապ Միլա Յովովիչը նկարահանվելու է նոր ֆանտաստիկ մարտաֆիլմում։

42-ամյա դերասանուհին, ի ուրախություն իր երկրպագուների, համաձայնել է նկարահանվել «Կոլիբրի» ֆիլմում, որը պատմում է ցնցող ինքնագիտակցման ճանապարհին գտնվող մարդասպան կնոջ մասին՝ «Լյուսի» մարտաֆիլմի ու Ջեյսոն Բորնի մասին ֆիլմերի ոճով, հայտնում է  Deadline-ը։

Ավելի վաղ ֆիլմում պետք է նկարահանվեր Օլիվիա Մանը, բայց հիմա նրան փոխարինելու է Յովովիչը։ Ֆիլմի  աշխատակազմին է միանալու նաև դերասանուհու ամուսինը՝ ռեժիսոր, սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Փոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոնը («Չարիքի ապաստան»)։ Նա զբաղվելու է «Կոլիբրի» ֆիլմի սցենարով։

Յովովիչը վերջերս է ավարտել նկարահանումները նոր՝ «Հելբոյ» ֆիլմում։ Նրան կարելի է նաև տեսնել «Ցնցում ու հուզում» քաղաքական դրամայում, որտեղ նկարահանվել են նաև Վուդի Հարելսոնն ու Թոմմի Լի Ջոնսը։

Լուսանկարները՝ digitaltrends.com

 



© NEWS.am STYLE