Մոսկվայի կենտրոնում ծեծել են հայտնի հեռուստահաղորդավարին

15:15   7 փետրվարի, 2018

Մոսկվայի կենտրոնում ծեծել են հայտնի հաղորդավար Վլադ Չիժովին, որը վարում է «Решала» շոուն «Че» հեռուստաալիքով։

Փետրվարի 6-ի երեկոյան նա վերադառնում էր նոր դրվագների նկարահանումներից, երբ սև ամենագնացը փակել է երթևեկությունը։ Մեքենայից դուրս է եկել երեք մարդ ու հարձակվել նրա վրա։ Սկսվել է քաշքշուկ, չարագործներից մեկը մահակով հարվածել է մեքենայի ճակատամասի ապակուն։ Միջադեպն արձանագրել են մեքենայի վրա տեղադրված տեսախցիկները, հարձակումը հասցրել է տեսագրել նաև այն աղջիկը, որն այդ պահին Վլադի հետ էր։ Վայրագ վիճաբանության հետևանքով` Չիժովն անրակի լուրջ վնասվածք է ստացել, նրան օգնություն են ցուցաբերել մոսկովյան հիվանդանոցներից մեկում։

«Ամեն ինչ վերահսկողության տակ է, ես գիտեմ այդ այլանդակներին, մենք դեռ կշփվենք նրանց հետ։ Միայն ափսոսում եմ, որ ես մենակ չէի»,- մեկնաբանել է հաղորդավարը տեղի ունեցածը  Dni.Ru-ին տված հարցազրույցում։

Աշնանը «Че» հեռուստաալիքը սկսել էր ամենահանդուգն հեռուստանախագիծը՝ «Решала» ռեալիթի շոուն այն մասին, թե ինչպես է պետք դիմակայել խաբեբաներին ու ինչ անել, եթե դուք ու Ձեր մտերիմները արդեն նրանց զոհն եք դարձել։ Նախագիծը պատմում է ժամանակակից հասարակության դաժան իրողությունների մասին, որտեղ հանցագործները դաժանաբար օգտվում են յուրաքանչյուրի անօգնականությունից`չխնայելով անգամ կանանց, տարեցներին ու հաշմանդամներին։

 



© NEWS.am STYLE