Սելենա Գոմեսը՝ Harper’s Bazaar-ի շապիկին 

12:09   8 փետրվարի, 2018

Մոտոցիկլետ ու ոճային հագուստ՝ սա Սելանա Գոմեսի ֆոտոշարքն է ամերիկյան Harper's Bazaar ամսագրի մարտյան համարի համար, որի հերոսուհին է դարձել 25-ամյա  երգչուհին։

Հայտնի երգչուհին ոչ միայն նկարահանվել է ֆոտոշարքում, այլեւ մեծ հարցազրույց տվել, որտեղ պատմել է շատ բաների մասին՝ այդ թվում իր դեպրեսիայի, որից վերջերս էր բուժվում Նյու Յորքում։

Երգչուհուն լուսանկարել է Ալեքսեյ Լյուբոմիրսկին, իսկ հարցազրույց Սելենայից վերցրել է «13 պատճառ, թե ինչու» սերիալի աստղ Քեթրին Լենգֆորդը։

Գոմեսը խոստովանել է, որ ինքը մեծ կիրք ունի գեղեցիկ կոշիկի ու պայուսակների հանդեպ, ու դրանք զգեստապահարանի ավելի կարեւոր դետալներն է համարում, քան մնացած ամեն ինչը։

«Ինձ համար երբեք կարեւոր չի եղել իմ հագուստը։ Կարեւորը ոճային կոշիկ հագնելն է։ Իմ առաջին թանկարժեք գնումը նոութբուքի համար Louis Vuitton պայուսակն էր։ Ես հիշում եմ, թե ինչպես էի վախենում փչացնել այն ու ինձ փոքրիկ բիզնեսվումեն էի երեւակայում, որի պայուսակում շատ կարեւոր իրեր են։ Չնայած, պայուսակում միայն շուրթերի փայլ էր ու նոութբուք»,- հիշում է Գոմեսն ու խոստովանում, որ կյանքում նախապատվություն է տալիս Casual ոճին։

Ազատ ժամանակը Սելենան սիրում է անցկացնել իր չորսամյա քրոջ հետ, իսկ եթե ուզում է հանդիպել ընկերների հետ, ապա նախընտրում է հասարակ սրճարաններն ու մեքսիկական խոհանոցի ռեստորանները։

Իր ծագումով աստղն, ի դեպ, հպարտանում է։ Բայց խոստովանում է, որ լատինաամերիկացիների համար դժվար է, քանի որ ռասիզմի խնդիրն իրականում առայսօր լայնորեն տարածված է.

«Հիմա ես ձգտում եմ առավելագույնս տարանջատել կարիերան ու ծագումը, քանի որ չեմ ուզում, որ մարդիկ իմ մասին դատեն իմ արտաքինով, երբ պատկերացում չունեն, թե ով ես իրականում։ Ու հիմա ես հպարտանում եմ դրանով, ինչպես երբեք։ Չնայած ես դեռ պետք է իսպաներեն սովորեմ»,- խոստովանում է Սելենան։

Այն հարցին, թե ով է իր կուռքը՝ երգչուհին պատասխանում է առանց վարանելու։ Արդեն երկար տարիներ Գոմեսը հիանում է 68-ամյա դերասանուհի Մերիլ Սթրիփով․ «Ինձ դուր է գալիս նրա նրբագեղություն ու միշտ ինքն իրեն հավատարիմ մնալու, բայց միաժամանակ շատ բարդ ու հակասական կերպարներ մարմնավորելու ունակությունը: Նույնն եմ զգում նաեւ Գրեյս Վանդերբոլի հանդեպ, որն ընդամենը 14 տարեկան է։ Ինձ նաեւ Ամալ Քլունին է դուր գալիս։ Տարօրինակ է հնչում, բայց ես շատ եմ կարդացել նրա մասին։ Նա անհավանական է։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խոսում, ու ինչի համար է պայքարում»,- ասում է երգչուհին, որը չի վախենում խոսել նաև իր դեպրեսիայի մասին.

«Ես և՛ դեպրեսիաներ եմ ունեցել, և՛ նյարդային խանգարումներ։ Ու ես սկսում եմ տարին այն մտքից, որ պայքարելու եմ դրա դեմ։ Ես ուզում եմ վստահ լինել, որ առողջ եմ։ Իրականում ես որևէ նպատակ չեմ դնում իմ առաջ, քանի որ չեմ ուզում վշտանալ, եթե չկարողանամ իրականացնել դրանք։ Բայց ես կշարունակեմ աշխատել իմ երաժշտության ու նոր ալբոմների վրա։ Ու նույնիսկ եթե նոր ձայնասկավառակի աշխատանքները 10 տարի տևեն, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Հիմա ես պարզապես ուզում եմ գիտակցաբար շարժվել դեպի իմ նպատակներ»,- ամփոփել է նա։

 



© NEWS.am STYLE