Ծնողներն ապացուցել են, որ սվինգեր հավաքույթից հետո 20-րդ հարկից ընկած մերկ մոդելին սպանել են

15:36   8 փետրվարի, 2018

Անցած տարվա դեկտեմբերին 19-ամյա նիդերլանդուհի մոդել Իվանա Սմիթի տարօրինակ մահը Կուալա Լումպուրում ստիպել էր Նիդերլանդների դեսպանատանը դիմել Ինտերպոլ՝ աղջկա մահվան հանգամանքները պարզելու համար։ Nl Times-ը գրել էր, որ բելգիական Top Model շոուի հաղթող Իվանա Սմիթի մերկ մարմինը հայտնաբերվել էր վեցերորդ հարկի պատշգամբում, չնայած սվինգերների հավաքույթը, որին նա մասնակցել էր, անցել էր 20-րդ հարկում։ Ոստիկանությունը չէր բացառել սպանության վարկածը։

Մահից առաջ Իվանան իր բոյֆրենդին SMS էր ուղարկել, գրել, որ ակումբից դուրս է եկել ինչ-որ ամերիկացի զույգի հետ։

Մոդելի ծնողները վստահեցնում էին, որ Իվանայի մարմնի վրա եղել են բռնության հետքեր։ Հիմա նրանք ապացուցել են, որ դա սպանություն է եղել։

The Sun պարբերականը փոխանցում է, որ աղջիկն ընկել էր մի բնակարանի պատուհանից, որտեղ ապրում են ամուսիններ՝ կրիպտոարժույթի 45-ամյա առեւտրական Ալեքսանդրն ու Ինդոնեզիայից 30-ամյա Լունա Ջոնսոնը, որոնք փորձել են ինչ-որ ձեւով կոծկել այդ գործը։ Բայց ծնողները միջամտել են հետաքննությանն ու վարձակալել մասնավոր դետեկտիվ Մարկ Ուիլյամս Թոմասին, որը նոր մանրամասներ է պարզել։

Պարզվել է, որ Իվանան հյուրընկալել էր սվինգերներ Ալեքսանդրին ու նրա կնոջը ու մի քանի ժամ անցկացրել նրանց բնակարանում մինչեւ պատուհանից ընկնելը։ Դիահերձումից հետո աղջկա արյան մեջ հայտնաբերել էին ալկոհոլի ու թմրադեղերի հետքեր։ Ջոնսոնները պնդում են, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել, ինչը բացատրել են աղջկա անսթափությամբ։ Բայց Մարկի հետաքննության արդյունքում պարզվել է, որ Իվանան մինչ այդ երբեք չէր օգտագործել թմրադեղ, ոգելից։ Ավելին, նրա պարանոցի վրայի կապտուկներից բացի, որոնք նկատել էին առաջին զննման ժամանակ, աղջկա ձեռքերի վրա նույնպես հայտնաբերվել են կապտուկներ, որոնք վկայում են պայքարի մասին։ Իսկ Ջոնսոնների հարեւանների շրջանում Մարկի իրականացրած հարցումները պարզել են, որ նրանք աղջկա ընկնելուց առաջ լսել էին բղավոցներ ու վիճաբանության ձայներ։

 

Լուսանկարները՝  Instagram, Facebook



© NEWS.am STYLE