Comedy Club-ից Թիմուր Բատրուտդինովն ու Օլգա Բուզովան նշանակել են հարսանիքի օրը

16:04   9 փետրվարի, 2018

Այդ զույգն աղմուկ էր բարձրացրել, երբ վերջերս միասին հանգստանում էր Թաիլանդում։ Խոսքը Օլգա Բուզովայի ու Թիմուր Բատրուդինովի մասին է։

«КП»-ն գրում է, որ վերադառնալով Մոսկվա, զույգը շարունակել է իր հանդիպումները։ Եվ հիմա երկրպագուները լրջորեն քննարկում են նրանց ապագա հարսանիքը։ Առավել ևս, որ հայտնի է դարձել ենթադրյալ հանդիսության ճշգրիտ օրը։ Ինչպես շոումենը հայտնել է սոցցանցերում (կամ կատակով, կամ լրջորեն), Օլգայի հետ ինքը կամուսնանա  հոկտեմբերի 28-ին, Բարսելոնայում։

Երկրպագուները հիացած են՝ սոցցանցերում նորապսակներին արդեն անվանում են «բատրուզիկներ» ու կանխատեսումներ հայտնում, թե ում են նման լինելու նրանց ապագա երեխաները։ Իսկ Instagram-ում տարածվում են մեմեր` հարսանիքի ու այն թեմայով, թե Comedy Club-ից Գարիկ Խարլամովն ինչպես է խանդում Բատրուտդինովին։ Չնայած, Բուզովայի ու Բատրուտդինովի անսապասելի բորբոքված կիրքը մեկ այլ պարզ բացատրություն էլ ունի՝ նուրբ զգացմունքների վրա փիառը ձեռնտու է երկուսին։

Թիմուրը խոստովանել է, որ վերջին շաբաթներին Օլգայի շնորհիվ իր բաժանորդների թիվն Instagram-ում մի քանի անգամ աճել է։

Comedy Club-ի ռեզիդենտը պատմել է, որ նախկինում իր էջում ամենապոպուլյարը եղել է հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնի հետ լուսանկարը։ Սակայն Բուզովայի հետ զբոսանավում ռոմանտիկ լուսանկարը մի քանի օրում ավելի շատ հավանում է հավաքել, քան Դեյմոնը՝ երկու տարում։ Իսկ ընդամենը մեկ օրում Բատրուտդինովի էջին ավելի շատ մարդ է բաժանորդագրվել, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում։ Նման աճ Թիմուրը չէր նկատել այն ժամանակվանից ի վեր, երբ հաշիվ է բացել Instagram-ում։

Ի դեպ, Թիմուր Բատրուտդինովը 39 տարեկան է եւ դեռ ամուսնացած չէ։ Նա նույնիսկ որևէ լուրջ սիրային հարաբերությունների մեջ չի եղել այս տարիների ընթացքում։

 



© NEWS.am STYLE