«Ամերիկյան հայելի». նոր ֆիլմ՝ օսկարակիր Սյուզան Սարանդոնի եւ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողձյանի մասնակցությամբ (ֆոտո/վիդեո)

12:03   10 փետրվարի, 2018

Համացանցում է հայտնվել «Ամերիկյան հայելի»/American Mirror ամերիկյան ֆիլմի թրեյլերը, որտեղ օսկարակիր հայտնի դերասանուհի Սյուզան Սարանդոնի հետ նկարահանվել է նաեւ հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողձյանը:

Ռեժիսոր Արթուր Բալդերի ֆիլմը ներկայացնում է աշխարհահռչակ դերասանուհու եւ հայ նկարչի քննարկումները ժամանակի, նույնականության, գեղեցկության, տարիքի մասին, որոնց վերաբերյալ պատկերացումները փոխվել են սոցիալական մեդիայի ազդեցության հետեւանքով:

Ֆիլմը բացահայտում է, թե ինչպես է մեր ժամանակների ամենատաղանդավոր նկարիչներից մեկը՝ Տիգրանը,  կարողանում համադրել անցյալի հայտնի արտիստների ոգին ժամանակակից Նյու Յորքի մշակույթի հետ: Երեք տարվա ընթացքում նկարահանված այս ֆիլմը պատմում է Տիգրանի հաջողության ճանապարհի մասին:

 

«Ամերիկյան հայելի» ֆիլմի պրոդյուսերը Դեւիդ Շարան է, սաունդթրեքը հեղինակել է Մարկ Փեթրին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դոնալդ Քուսփիթը, Ֆլորենս Ֆեվրը, Էշլի Հինշո Գրեյսը, Ջուլս Ուենշթեյնը, Մորգան Շարան, Ռայան Ռոստը, Հիլարի Ռոդան եւ Սիրեյ Մորան:



© NEWS.am STYLE