«Նա չգիտեր այդ մասին, բայց երազանքս կատարվեց». Սեդա Շահնազարյանն իր 18-ամյակի, նվերների եւ անակնկալների մասին

14:32   10 փետրվարի, 2018

Սերիալային դերասանուհի Սեդա Շահնազարյանը փետրվարի 8-ին նշում էր ծննդյան 18-ամյակը: Իր կյանքի կարեւորագույն օրվա մանրամասների մասին երիտասարդ դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ծննդյանս օրը սկսվեց կեսգիշերից, եղան շատ շնորհավորանքներ: Եղբորս եւ մայրիկիս կողմից մեծ անակնկալ ստացա: Ուղիղ ժամը 23:00-ին եղբայրս ինձ առաջնորդեց շենքի տանիք, երկար զրուցեցինք, նույնիսկ մոռացել էի, որ մեկ ժամից ծնունդս է: Իսկ կեսգիշերին մայրիկս տորթով եւ փուչիկներով եկավ այնտեղ :) Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, այնքան մեծ անակնկալի եկա, որ նույնիսկ չմտածեցի, որ այդ ամենը կարելի էր լուսանկարել»,-ասում է Սեդան՝ հավելելով, որ հատկապես հուզվել է հայրիկի շնորհավորանքից:

«Ցավոք՝ նա երկրում չէր, որպեսզի օրս ավելի լիարժեք լիներ, բայց իր ներկայությունը զգում էի կողքիս»:

Դերասանուհին ծննդյան օրն անցկացրել է Երեւանի ժամանցի կենտրոններից մեկում՝ ամենահարազատ մարդկանց շրջապատում. «Ամեն ինչ շատ լավ անցավ, շնորհակալ եմ նրանց, որ օրս լցրեցին: Ինչ վերաբերում է նվերներին՝ մեծամասամբ օծանելիք էր: Ամենայուրահատուկը ընկերուհուս նվերն էր՝ օդապարուկ: Միշտ մտածել եմ երազանք պահել եւ օդ բարձրացնել դրանցից մեկը… Նա չգիտեր այդ մասին, բայց երազանքս կատարվեց»:

Սեդայից հետաքրքրվեցինք նաեւ, թե հատկապես ում շնորհավորանքին էր անհամբերությամբ սպասում. «Շատ մտերիմ ընկերոջս շնորհավորանքին էի սպասում, որ հենց կեսգիշերին շնորհավորեր, բայց չստացվեց՝ ուշ շնորհավորեց»,-իրեն բնորոշ անկեղծությամբ նշեց նա՝ հավելելով. «Շատ եմ սիրում ծննդյանս օրերը: Կարծում եմ՝ որքան այն իմ օրն է, կրկնակի շատ մայրիկիս օրն է»:

18-ամյա դերասանուհին այս տարի էլ է երազանք պահել ծննդյան տորթի մոմերը փչելիս.

«Երազանք եմ պահել, որ այն մարդիկ, որոնք հիմա իմ կողքին են, միշտ ինձ հետ լինեն, որ այն ամենը, ինչին հասել եմ այս տարիքում, լինի միայն սկիզբը եւ, իհարկե, որ հարազատներս առողջ լինեն եւ ինձ հետ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սեդա Շահնազարյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE