16-ամյա Քայա Էքթոնը մեկ տարի առաջ մի շարք դժվարությունների միջով անցավ, երբ հայտնաբերեց, որ երեխայի է սպասում: Սակայն աղջիկն, այնուամենայնիվ, որոշոց հաղթահարել ամեն ինչ ու ծնունդ տալ իր փոքրիկին: Այսօր Քայան իր որդուն՝ Դինին, համարում է իր կյանքի կարեւորագույն ձեռքբերումը: Չնայած այն փաստին, որ Դինի հոր հետ հարաբերությունները վաղուց խզել է՝ Քայան Դինի հետ իրեն միայնակ չի զգում, ուրախանում է նրա յուրաքանչյուր ձեռքբերումով եւ չի դադարում երազել:
Mirror պարբերականին տված հարցազրույցում երիտասարդ մայրիկը նշել է, որ դեռ 15 տարեկանը չէր լրացել, երբ իմացել է հղիության մասին: Սկզբնական շրջանում նա ոչինչ չէր կասկածում, սակայն առավոտյան սրտխառնոցները նրան հուշել են, որ, միգուցե, նա երեխայի է սպասում:
«Երբ իմացա հղիությանս մասին, առաջնահերթ վախեցա հայրիկիս արձագանքից, սակայն մի բան հաստատ գիտեի՝ չեմ ընդհատելու հղիությունս: Իհարկե, ծնողներս շատ վատ արձագանքեցին հղիությանս լուրին, բայց ես դրան պատրաստ էի, քանի որ ինքս էլ գիտակցում էի, որ շատ փոքր եմ դրա համար: Բայց ժամանակի ընթացքում նրանք հաշտվեցին այդ մտքի հետ, հիմա ինձ շատ են աջակցում, հատկապես՝ հայրիկս: Դինը նրա համար մի ամբողջ աշխարհ է դարձել»,-պատմում է նա:
Սակայն հղիության ամիսները Քայայի համար դյուրին չեն եղել: Դպրոցական աղջիկը ամենուրեք բացասական մեկնաբանությունների էր արժանանում: Նա հիշում է, թե ինչպես մի օր երեք տղամարդ ոչ միայն նստելու տեղ չտվեցին երթուղայինում, այլեւ սկսեցին հալածել եւ քննադատել իրեն:
«Ժամանակի ընթացքում ես հաշտվեցի այդ խոսակցությունների հետ՝ հասկանալով, որ, ի վերջո, ոչ թե նրանք, այլ ես եմ ունենալու այդ հրաշքին եւ զգալու այդ աննկարագրելի բերկրանքը»,-ասում է դեռահասը՝ հավելելով, որ Դինի ծնունդի հետ նա ավելի վճռական է դարձել իր երազանքների մեջ: Քայան երազում է դառնալ իրավաբան եւ լուրերի մեկնաբան, լինել այնպիսին, որ որդին ապագայում հպարտանա իրենով:
Իսկ իր կարգավիճակում հայտնված աղջիկներին խորհուրդ է տալիս. «Լսեք ձեր սրտին, եղեք ուժեղ եւ ապացուցեք, որ կողքինները ձեր մասին սխալ կարծիք ունեն: Նաեւ ընդունեք այն մարդկանց օգնությունը, ովքեր սրտանց ցանկանում են աջակցել ձեզ»:
Աղբյուրը՝ Mirror.co.uk