Exclusive. «Հայերը երաժշտություն ու արվեստ սիրող խենթ մարդիկ են». ռումինացի երգչուհին՝ պարուսույց Միկո Բաղդասարյանի հետ համագործակցության մասին

11:04   13 փետրվարի, 2018

Հերթական անգամ մեզ ուրախացրել է Ռումինիայում բնակվող պարող եւ պարուսույց Միկո Բաղդասարյանը, որի հետ NEWS. am STYLE-n անձամբ է ծանոթ, ու մենք Ձեզ վստահեցնում ենք, որ Միկոն հրաշալի տղա է, որն իր ուժերի սահմանում առաջ է տանում հայկական մշակույթը Ռումինիայում։

Եվ այսպես, ռումինացի հայտնի երգչուհի Իլինկա Բեչիլեն, որը Կիեւում «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում ներկայացնում էր Ռումինիան, ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ իր երրորդ սինգլը՝ Nu acum-ն («Ոչ հիմա») ու դրա տեսահոլովակը։

Տեսահոլովակում նաեւ Միկո Բաղդասարյանն է նկարահանվել։ Իլինկան մեզ հետ զրույցում խոսել է տաղանդավոր հայի հետ իր աշխատանքի մասին։

«Այդ նկարահանումների հետ կապված ամենալավ պահն այն էր, որ ես հնարավորություն ունեցա նկարահանվել իմ լավագույն ընկերոջ՝ Միկոյի հետ, որը միշտ աջակցում է ինձ ցանկացած իրավիճակում։ Միկոյի հետ ծանոթության միջոցով ես ծանոթացա նաեւ հայկական համայնքի հետ։ Ես հասկացա, որ հայերը մարդիկ են, որոնք սիրում են երաժշտություն ու արվեստ, դրական, երջանիկ ու խենթ մարդիկ են։ Դրա համար էլ ես ինձ շատ լավ եմ զգում, երբ նրանց հետ եմ»,- հայտնել է Իլինկան։

Իսկ Միկոն, իր հերթին, մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ երջանիկ է նման տաղանդավոր երգչուհու հետ ծանոթանալու համար։

«Մեր հանդիպման պահից սկսած՝ մեր միջեւ ուժեղ կապ է ստեղծվել, ու ես ուրախ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ մշակույթն ու ավանդույթը։ Ես ուրախ էի աշխատել նրա հետ այդ տեսահոլովակի համար։ Հույս ունեմ, որ ձեզ դուր կգա մեր համատեղ աշխատանքի արդյունքը»,- հավելել է Միկոն: 

Զրուցեց Պարույր Սինյավսկին



© NEWS.am STYLE