Ի՞նչ դիտել այսօր. «Մշուշում մնացած աղջիկը»՝ առեղծվածային պատմություն՝ 16-ամյա աղջկա անհետացման մասին

19:32   13 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ն առաջարկում է այսօր երեկոն անցկացնել իտալական թրիլերի ներքո: Առաջարկում ենք դիտել ռեժիսոր եւ սցենարիստ Դոնատո Կարիզիի «Մշուշում մնացած աղջիկը»/La ragazza nella nebbia ֆիլմը, որի իրադարձությունները ծավալվում են ալպիական փոքրիկ քաղաքում: Այնտեղ մարդկանց կյանքն ընդհանում էր հանգիստ հունով, մինչեւ մի օր 16-ամյա Աննայի առեղծվածային անհետացումը չփոխեց քաղաքի մթնոլորտն ու մարդկանց զգացողությունները:

Դեկտեմբերի 23-ի երեկոյան աղջիկը դուրս եկավ տանից, որպեսզի գնար եկեղեցի, սակայն այդ պահից ի վեր՝ քաղաքում ոչ ոք այլեւս նրան չտեսավ: Աննայի մասին ոչ մի տեղեկություն չկար, ոստկանները չգտան նաեւ նրա մարմինը: Պարզ էր, որ սա սովորական անհետացման պատմություն չէր: Մշուշում մնացած աղջկա խորհրդավոր առեւանգումը բացահայտելու նպատակով քաղաք ժամանեցին ոչ միայն լրագրողներ, այլեւ հայտնի հետախույզ Ֆոգելը: Նա ուսումնասիրեց հանելուկային պատմության բոլոր մանրամասները, սակայն Աննայի մասին ոչ մի հետք չգտավ: Գործի հետաքննության ժամանակ Ֆոգելի հետ եւս առեղծվածային մի բան է պատահում: Նա ենթարկվում է ավտովթարի, կորցնում է հիշողությունը, իսկ ամենատարօրինակն այն է, որ նրա վերնաշապիկին օտար մարդու արյուն է հայտնաբերվում: Այդ ժամանակ Ֆոգելին օգնության է հասնում հմուտ հոգեբան Ֆլորեսը: Կհաջողվի՞, արդյոք, քաղաքին բացահայտել առեղծվային պատմությունները:

«Մշուշում մնացած աղջիկը» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2017 թ-ին: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ժան Ռենոն եւ Թոնի Սերվիլոն:



© NEWS.am STYLE