Ինչպես մեկնաբանել էրոտիկ երազները

23:05   16 փետրվարի, 2018

Սեքսը մարդկանց կյանքի մի մասն է, որը հավասարազոր է ուտելիքին ու աշխատանքին, եւ այն, բնականաբար, արտացոլվում է թե գիտակցական մտքերում, թե գիտակցությանը չենթարկվող երազներում: Մասնագետների կարծիքով՝ էրոտիկ բնույթի երազները նորմալ երեւույթ են ու բնորոշ են բոլորին՝ անկախ սեռից, կարգավիճակից ու կյանքի ընթացքում ձեռք բերած բարոյական նորմերից, եւ այդ երազներում դատապարտելի կամ արատավոր ոչինչ չկա:

Տղամարդկանց երազները կանանց երազներից տարբերվում են դերային գործոնով: Տղամարդիկ իրենց երազներում ավելի ակտիվ, ավելի եռանդուն, երբեմն էլ նույնիսկ կոպիտ դեր են կատարում: Իսկ կանանց էրոտիկ երազներն ավելի շատ նախերգանքի կամ սիրահետումների մասին են:

Եվ այսպես, եթե ձեր երազներում հաճախ եք տեսնում անծանոթների (անծանոթուհիների) դա վկայում է այն մասին, որ դուք չափից կաշկանդված եք նախապաշարմունքներով, չեք կարողանում լիցքաթափվել սեքսի ժամանակ ու ձեր ցանկությունները բացահայտ արտահայտել: Անծանոթի հետ սեքսը լիովին ազատում է անկողնում ձեր վարքագծի համար պատասխանատվությունից: Լավ կլիներ, որ ձեր զուգընկերը օգներ ձեզ լիցքաթափվել ու ցույց տար, որ դուք կարող եք ձեզ դրսեւորել այնպես, ինչպես կամենում եք:

Եվս մեկ տարածված ֆանտազիա՝ սեքս հայտնի մարդու, կինոհերոսի կամ հեռուստանովելի հերոսի հետ: Իդեալականացված կերպարով հերոսների մասին երազանքները ցույց են տալիս, որ սովորական հարաբերությունները ձեզ համար ձանձրալի են ու միապաղաղ, ու ձեզ ավելին է պետք, քան ընդամենը երեքշաբթի ու ուրբաթ օրերին ամուսնական պարտք կատարելը: Եթե դուք իմացել եք ձեր զուգընկերոջ նման երազների մասին, փորձեք ձեր հարաբերություններն ավելի ռոմանտիկ դարձնել, ավելի անսպասելի ու բազմազան:

Մարդաշատ վայրում սեքսով զբաղվելու մասին երազները վկայում են այն մասին, որ ձեր զուգընկերը «ցուցադրական» սիրո պակաս ունի, այսինքն՝ նա ուզում է, որ շրջապատում բոլորը տեսնեն ձեր սեքսուալ ցանկության դրսեւորումը: Ի դեպ, այս ֆանտազիան շատերը կյանքի են կոչում: Նաեւ պետք է ուշադրություն դարձնել մարդաշատ վայրերում քնքշանքի նշաններին։ Շատերն իրոք դրա կարիքն ունեն:

Մի քանի զուգընկերոջ հետ սեքսը բացահայտորեն վկայում է այն մասին, որ դուք բավարարված չեք ձեր զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների տեւողությամբ ու ինտենսիվությամբ, ու ենթագիտակցական մակարդակում ուզում եք բավականաչափ քնքշանք ստանալ թեկուզ մի քանի զուգընկերներից, եթե մեկը չի կարողանում բավարարել այդ պահանջը: Որպեսզի այդ ֆանտազիան իրականություն չդառնա, պետք է ձեր զուգընկերոջն ակնարկեք, որ նա ավելի շատ ուշադրություն դարձնի թե՛ բուն ակտի տեւողությանը, թե՛ նախնական քնքշանքներին:

Եվս մեկ տարածված ֆանտազիա է (հիմնականում կանանց մոտ) կոպիտ վերաբերմունքի ու ստորացման մասին երազները:

Որքան էլ տարօրինակ հնչի, բավականին շատ կանայք ցանկանում են սեքսում կոպիտ վերաբերմունք զգալ, քանի որ ենթագիտակցական մակարդակում տղամարդու նման վարքագիծը կապակցում են ուժի եւ իշխանության հետ: Այստեղ պետք է նշել, որ կոշտ ուժի ու խաղարկային բռնաբարության հասկացությունները տղամարդու ու կնոջ պատկերացումներում խիստ տարբերվում են, եւ մեծամասամբ՝ այդ երազանքի իրականացումը կանանց դուր չի գալիս:

Աղբյուրը՝ «Дни»



© NEWS.am STYLE