Ամուր հարաբերությունների երկու գլխավոր բաղադրիչները

16:02   14 փետրվարի, 2018

Պարզվել է, թե որոնք են երջանիկ եւ երկարատեւ հարաբերությունների երկու գլխավոր բաղադրիչները:

The Journal of Sex Research ամսագրի համար գիտնականներն իրականացրել են սեքսի եւ հարաբերությունների ոլորտում ամենախոշոր հետազոտությունը, որին պաշտոնական կամ քաղաքացիական ամուսնության մեջ ապրող ավելի քան 40 հազար զույգ է մասնակցել: Հետազոտության արդյունքները թույլ են տվել պարզել, թե որոնք են այն երկու գործոնները, որոնք ազդում են ընտանեկան կյանքի որակի վրա: 

Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ սեռական բավարարվածությունը եւ կանոնավոր շփումը երջանիկ հարաբերությունների գլխավոր չափանիշներն են: 

Բացի այդ, հետազոտության հեղինակը՝ Չեմպենի համալսարանի հոգեբանության պրոֆեսորը, հաստատել է տարածված այն կարծիքը, թե սեռական բավարարվածությունը նվազում է հարաբերությունների սկզբից վեց ամիս անց: Այսպես, զույգերի 83 տոկոսը հաստատել է, որ հարաբերությունների սկզբից վեց ամիս անց իրենց սեռական կյանքն անկում է ապրել: 

Միաժամանակ, փորձարկման այն մասնակիցները, որոնք, այնուամենայնիվ, իրենց սեռական կյանքը գոհացուցիչ էին համարում, նշել էին, որ զուգընկերների հետ սեքսով են զբաղվում շաբաթը մեկ կամ մի քանի անգամ: 

Բացի այդ, հետազոտողներն ուսումնասիրել են տղամարդկանց եւ կանանց միջեւ սեռական նախընտրությունների տարբերությունները: Այսպես, կանանց սեռական բավարարվածության մակարդակի վրա ազդում է օրգազմ ապրելու հաճախությունը, տրամադրությունը եւ շփումը, մինչդեռ տղամարդիկ հաջող սեռական հարաբերությունների գլխավոր գործոն են համարել տրամադրությունը, բազմազանությունը եւ շփումը:



© NEWS.am STYLE