Թրամփի իրավաբանը խոստովանել է, որ նախագահը պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար է վճարել լռության դիմաց

14:13   14 փետրվարի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած ամիս հայտնվել է հերթական սկանդալի մեջ։ Թրամփը 130 000 դոլար է վճարել նախկին պոռնոդերասանուհուն՝ իր հետ կապի մասին լռելու համար։

Ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, իսկ Սպիտակ տունը հերքում էր, որ Դոնալդ Թրամփի փաստաբանները վճարել էին նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին, որը պոռնոֆիլմերում հանդես է գալիս Սթորմի Դենիելս կեղծանունով։ Կնոջը գումար են առաջարկել, երբ մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրություններն ընդամենը մեկ ամիս ժամանակ էր մնում, այսինքն՝ 2016-ի հոկտեմբերին։

Պարզվել է, որ դերասանուհին ու միլիարդատերը ինտիմ հարաբերություններ են ունեցել Տախո լճի ափին գոլֆ խաղալու համար նախատեսված հանգստավայրում, 2006-ի հուլիսին։ Իսկ այդ ժամանակ Թրամփն արդեն ամուսնացած էր Մելանիայի հետ։ Վերջինս առայսօր բարկացած է ու Դոնալդի հետ ավելի հազվադեպ է հայտնվում հանրությանը։ Հետագայում ինքը՝ Սթորմի Դենիելսն էլ է հերքել Թրամփի հետ սեքսի մասին հաղորդագրությունները։ Ընդ որում՝ նա չի հերքել, որ իրեն վճարել են լռության դիմաց (մահացու տրամաբանություն)։

Իսկ հիմա նաեւ The New York Times-ն է գրում, որ ԱՄՆ նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը խոստովանել է, որ մի անգամ վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար։ Ընդ որում՝ Քոհենը շեշտել է, որ դերասանուհուն, իբրեւթե, իր սեփական գրպանից է վճարել։ Թերթի այլ հարցերին նա չի պատասխանել։



© NEWS.am STYLE