Metallica-ն՝ «Երաժշտական ասպարեզի Նոբելյան մրցանակաբաշխության» դափնեկիր

15:37   14 փետրվարի, 2018

Մետալ ոճի երկրպագուների համար իսկական տոն է այսօր։  The Local պարբերականի փոխանցմամբ՝ Metallica հայտնի խումբը դարձել է Polar Music Prize միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր, որը նաեւ անվանում են «Երաժշտության ասպարեզի Նոբելյան մրցանակաբաշխություն»։ Metallica-ն մետալ ոճի առաջին ռոք խումբն է, որը արժանացել է նման մրցանակի։

«Խումբը սիրում են ամբողջ աշխարհում, դրա ավանդը ռոք երաժշտության զարգացման մեջ պարզապես անգնահատելի է»,- հայտնել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։

Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունիսի 14-ին՝ Ստոկհոլմում։ Միջոցառմանը ներկա կգտնվեն շվեդական թագավորական ընտանիքի անդամները։

Մրցանակ է շնորհվել նաեւ Աֆղանստանի երաժշտության ազգային ինստիտուտին ու դրա հիմնադիր Ահմադ Սարմաստին։

Նախկին դափնեկիրներից են Փոլ Մակքարթնին, Չակ Բերին, Բի Բի Քինգը։  Մրցանակաբաշխությունը ստեղծվել է 1989-ին՝ ABBA խմբի մենեջեր Սթիգ Անդերսոնի կողմից:



© NEWS.am STYLE