Իմ պատմությունը. «Ինչպե՞ս վարվել ամուսնու դավաճանության հետ»

23:09   2 մայիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

«Իմ պատմությունը շարքային կթվա: Երբ ընկերուհիներիցս լսում էի, որ ընտանիքում խնդիրներ ունեն կամ կասկածում են, որ ամուսինները դավաճանում են, խորհուրդներ էի տալիս: Իսկ երբ դրան ինքս բախվեցի, արդեն խորհուրդների ժամանակը չէր:

Օգնեք, խնդրում եմ: Ամուսնուս հետ ապրել ենք 20 տարի, ամեն ինչ լավ էր: Իսկ ահա աշնանը հեռախոսում հաղորդագրություն կարդացի. «Թանկագինս, քնա՞ծ ես»: Բացատրություն պահանջեցի: Ի պատասխան լսեցի, որ այնտեղ իր մոտ ամեն ինչ լուրջ է, եւ չգիտի՝ ինչ անել: Փորձել է նաեւ նրա մոտ գնալ, սակայն մի քանի ժամ անց վերադարձել է: Ասում էր, որ չի կարողանում առանց ինձ: Որ իր համար այնտեղ լավ չէ: Եվ այսպես՝ երեք անգամ: Վերջին անգամ նույնիսկ բոլոր նվերները վերցրել է, որ հետդարձի ճանապարհ չունենա:

Ժամանակ անցավ, ամեն ինչ, կարծես, հանգիստ էր, բայց նորից սկսեցի կասկածել: Պատահում է՝ մի քանի ժամ չի պատասխանում հեռախոսազանգերին: Հետո զանգահարում է՝ կարծես ոչինչ էլ չի եղել, ասում է, թե չի լսել կամ զբաղված է եղել:

Իսկ երեկ ընդհանրապես աշխատանքից չվերադարձավ: Ավտոմեքենան տվել է որդուս, ասել, որ հանդիպելու է ընկերներին, հեռախոսն էլ թողել է մեքենայում: Իսկ ընկերները բոլորն էլ տանն էին, ստուգել եմ:

Ի՞նչ անեմ, սիրում եմ նրան, ցանկանում եմ պահպանել ընտանիքս, բայց այլեւս ուժ չունեմ, նյարդերս սարսափելի լարված են եւ արդեն վստահություն էլ չկա: Օգնեք…

Ա.Կ.»



© NEWS.am STYLE