«Նա, ինչպես եւ ես, հանձնվել կամ խեղճանալ չի սիրում». Օլյա Հակոբյանն իր նոր դերի մասին

14:25   15 փետրվարի, 2018

Հեռուստադիտողն արդեն կարող է դիտել ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի «Վերջին գործարք» նոր՝ 24 մասից բաղկացած քրեական դրաման, որտեղ իր մասնակցությունն ունի նաեւ դերասանուհի Օլյա Հակոբյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Օլյան բացահայտել է կերպարային որոշ մանրամասներ եւ նշել, թե ինչու է այս ֆիլմաշարի հերոսուհին իրեն առավել մոտ:

«Մարմնավորում եմ մի աղջկա, որը Ռուսաստանից Հայաստան է ժամանել մի քանի օրով՝ իր քավորի հրավերով, որպեսզի մասնակցի մի խոշոր գործարքի եւ առեւանգի թանկարժեք վզնոցը: Կերպարիս անունը Լենա է, նա ռադիո եւ վիդեո տեխնիկայի մասնագետ է: Կերպարը տարբերվում է նրանով, որ թվացյալ վատ շրջապատում է եւ պետք է գողություն անի, սակայն ավելի ուշ կպարզվի, թե որոնք են եղել դրդապատճառները, որ նա համաձայնել է նման սեւ գործի»:

Օլյան խոստովանում է՝ առաջին անգամ կերպարին ծանոթանալուց հետո միանգամից սիրել է Լենային եւ ցանկացել մարմնավորել նրան.

«Շատ հետաքրքիր կերպար է… Հարազատ է երեւի այն առումով, որ նա, ինչպես եւ ես, հանձնվել կամ խեղճանալ չի սիրում»:

Դերասանուհուն նախ գրավել է ֆիլմաշարի սցենարը, այնուհետեւ անձնակազմի հետ շփվելով հասկացել է, որ անպայման պետք է նկարահանվի ֆիլմում.

«Շատ սիրեցի բոլորին. հրաշալի մարդիկ, ջերմ մթնոլորտ, պրոֆեսիոնալ անձնակազմ: Ի դեպ, նկարահանումն արվել է բավականին էքստրեմալ պայմաններում, որտեղ շոգ էր, փոշոտ, կային մրջյուններ, կարիճներ, բայց, միեւնույն է, աշխատանքից մեծագույն հաճույք ստացա եւ մեծ սիրով կրկին կաշխատեմ նույն անձնակազմի հետ»:

Ֆիլմում Օլյայի հիմնական խաղընկերներն են Ջոն Մակարյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Մակար Գալստյանը եւ Հայկ Դուրգարյանը:

«Նրանց հետ միասին մոտ 15 օր Էջմիածնում ենք ապրել եւ աշխատել :) Սցենարային շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, ամեն սերիայի հետ հետաքրքիր պատմություններ կբացահայտվեն: Ավելի լավ է՝ հեռուստադիտողն ինքը տեսնի, թե ով ում հետ ինչ կապ ունի»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE