Լոնդոն. դարավոր ավանդույթների եւ ողջամիտ մարդկանց քաղաք (մաս I)

22:40   3 մայիսի, 2013

Փարիզում, Աթենքում եւ Հռոմում ուղեկցորդներն էքսկուրսիան սկսում են հետեւյալ խոսքերով. «Փարիզը (Հռոմը եւ այլն) հակադրությունների քաղաք է…»: Այս նախադասությունը կարելի է ասել քաղաքների մեծամասնության, բայց ո՛չ Լոնդոնի պարագայում: Անգլիական մայրաքաղաքում էքսկուրսիան ես կսկսեի այսպես. «Լոնդոնը ողջամտության քաղաք է…»: Դարավոր ավանդույթների եւ ողջամիտ մարդկանց քաղաք:

Եվրոպական մշակույթն այստեղ, թերեւս, հասել է իր բարձրակետին: Իրական բրիտանացիները գրեթե անսեռ են թվում, նրանք այնքան հիանում են ամեն բնականով:

Առաջին մի քանի օրերին չէի կարողանում հասկանել՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչն այնպես չէ… իսկ հետո հասկացա: Ես քայլում էի փողոցներով, ծաղկած ծառերի կողքով, գետի երկայնքով, փոքրիկ այգիներով տնակների, շների ու կատուների, աղբակույտերի եւ շինարարության կողքով… եւ հոտ չէի զգում: Օտար երկրում անմիջապես անսովոր հոտեր ես զգում, իսկ այստեղ անսովոր էր հենց դրանց բացակայությունը: Կամքից անկախ հիշում ես «Պարֆյումեր» գիրքը եւ մի փոքր սարսռում: Հավանաբար, հենց այդ պատճառով ես մտերմացա Իսթ-Էնդ սեւամորթների թաղամասի բնակիչների հետ, որտեղ իմ հյուրանոցն էր: Նրանք գոնե բուրում էին ինչպես մարդ, այլ ոչ թե ինչպես օծանելիք:

Պարզվեց՝ Լոնդոնում գտնվելու եւս մեկ ոչ այնքան հաճելի կողմերից է ինչ-որ բան ուտելու անհրաժեշտությունը: Եթե սովոր եք արագ սննդին, սենդվիչին եւ չիփսերին, ապա ձեզ այստեղ կզգաք՝ ինչպես տանը: Բայց բնական թարմ մթերքների, ապուրների եւ այլ ուտեստների սիրահարները ստիպված կլինեն երկար փնտրել: Մոտակա ռեստորաններում եւ հյուրանոցում համեղ ընթրելու անհաջող փորձերից հետո ես կանգ առա լավագույն տարբերակի վրա. գնում էի չինական թաղամաս, չինական սրճարաններ: Այնտեղ միշտ էժան է եւ համեղ, ինչպես ցանկացած եվրոպական երկրում:

Պետք է խոստովանեմ, որ ես երբեք ոչ մի երկրում չեմ տեսել նման կարգուկանոն, մանրախնդրություն եւ կենցաղային բոլոր մանրուքներում հարմարավետություն: Հենց այնպես չէ, որ բրիտանացիներն այդ հատկանիշներով հայտնի են ամբողջ աշխարհում: Թվում է՝ նրանց համար այդ գոյատեւելու միակ հնարավոր միջոցն է, ինչը խախտել չի կարող անգամ աշխարհի վերջը: Օդանավակայում երթեւեկության կազմակերպումը, քաղաքային ավտոբուսները, մետրոն, տաքսիները, նույնիսկ հեծանվորդները. բոլորը ենթարկվում են ընդհանուր խիստ կարգին, ամենուր շատ հստակ գրված է, ցանկացած ծառայող շատ համբերատար է եւ հստակ կպատասխանի ձեր բոլոր հարցերին եւ կազատի ձեզ մոլորվելու նվազագույն հնարավորությունից, եթե, իհարկե, թեկուզ փոքր-ինչ հասկանում եք անգլերեն:

Ի դեպ, լեզվի մասին: Քանի որ մենք առավելապես սովոր ենք ամերիկյան անգլերենին, որն անընդհատ սողոսկում է մեր ականջները երաժշտության, կինոյի, գովազդի եւ այլնի միջոցով, բրիտանական առոգանությանը հարմարվելն այնքան էլ դյուրին չէ: Ամենից դժվարն իռլանդացիներին եւ շոտլանդացիներին հասկանալն է, ովքեր կարող են «բաս»-ի փոխարեն (ավտոբուս) «բուս» ասել եւ ընդհանրապես տարբեր կերպ ծաղրել ձեր լսողությանը: Ամերիկյան եւ «շոտլանդական» անգլերենների միջեւ տարբերությունը կարող է լինել այնպիսին, ինչպես ռուսերենի եւ արեւմտյան ուկրաիներենի, երբ «հասկանալի է, որ ոչինչ հասկանալի չէ»: Ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում լոնդոնցիներին խնդրել դանդաղ խոսել եւ, եթե անհրաժեշտ է, խնդրել նաեւ թղթի վրա գրել տեքստը. հիմնականում ամեն ինչ միատեսակ է գրվում:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE