Անդրանիկ Ալեքսանյանի մայր. Ի՞նչ կապ ունի իմ որդին Ֆիլիպ Կիրկորովի հետ

01:15   26 հոկտեմբերի, 2012

Անդրանիկ Ալեքսանյանի անունը կապելով Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգը չեղյալ հայտարարելու հետ՝ ինչ-որ մեկը ցանկանում է «սեպ խրել» Անդրանիկի եւ Բեդրոս Կիրկորովի հարաբերություններում: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշել է Անդրանիկի մայրը՝ Լյուդմիլա Ալեքսանյանը: «Մենք աշխատում ենք ինքնուրույն, Բեդրոս Կիրկորովը չի օգնում Անդրանիկի «առաջխաղացմանը», պարզապես Անդրանիկը Բեդրոս Կիրկորովի հետ ելույթ է ունեցել մի քանի համերգների ժամանակ: Երեխան ինքնուրույն է առաջ ընթանում, մեզ հրավիրում են համերգների, մենք գնում եւ ելույթ ենք ունենում»,-նշել է Լյուդմիլա Ալեքսանյանը:

Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Ֆիլիպ Կիրկորովին թույլ չեն տվել համերգ տալ Բաքվում, որովհետեւ Բեդրոս Կիրկորովն օգնում է Անդրանիկ Ալեքսանյանին, տղայի մայրն ասել է, որ դեռեւս այս տարվա օգոստոսից հոդվածներ են հրապարակվում, որոնց նպատակն իրենց Բեդրոս Կիրկորովի հետ կռվացնելն է: «Այդ մարդը մեզ ոչ մի վատ բան չի արել: Ժամանակ առ ժամանակ մենք զանգահարում ենք միմյանց, բայց շատ հազվադեպ: Ի՞նչ կապ ունի իմ որդին Ֆիլիպ Կիրկորովի հետ: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Բաքուն այդպես արձագանքում: Մենք շատ ադրբեջանցի ընկերներ ունենք: Առավել եւս Անդրանիկը զտարյուն հայ չէ: Նա ապրում է Ուկրաինայում եւ ոչ մի օր չի ապրել Հայաստանում: Երեխան ծնվել է Ուկրաինայում եւ այդ երկրի քաղաքացի է: Ես ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Անդրանիկը»,-ընդգծել է տղայի մայրը:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը հայտնել էր, որ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում չի կայացել, քանի որ Ադրբեջանում սվիններով են ընդունել այն փաստը, որ նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը որոշել է օգնել 13-ամյա հայաստանցի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Բաքվում Ֆիլիպ Կիրոկորվի համերգի կայացման համար սկզբունքային պայման է դարձել Բեդրոս Կիրկորովի կողմից Ալեքսանյանին աջակցելուց եւ տաղանդավոր պատանու հետ համատեղ ելույթից հրաժարվելը:

Ֆիլիպը չի կարողացել վիրավորել հորը եւ արգելել նրան աջակցել երիտասարդ հաշմանդամ երգչին եւ կտրականապես հերքել է նման պայմանները:

Ինքը՝ Ֆիլիպը խոստովանել է, որ ներկայումս զարմացած ու ապշած է տեղի ունեցածից. «Ես շատ ցավում եմ, որ ինձնից չկախված պատճառներով համերգները, որոնց սպասում են Բաքվի իմ երկրպագուները, տեղի չեն ունենա»:

Ինչպես հայտնել է NEWS.am STYLE-ը, ավելի վաղ համերգի կազմակերպիչները որպես Կիրկորովի համերգի չեղյալ համարելու պատճառ էին նշել «տեխնիկական խնդիրները»:



© NEWS.am STYLE