Լոնդոն. դարավոր ավանդույթների եւ ողջամիտ մարդկանց քաղաք (մաս II)

22:42   4 մայիսի, 2013

Ամբողջությամբ հարթ եւ սարսափելիության աստիճան հարմարավետ կյանքում փոքրիկ ուրախություն էին ցնցոտիավոր փողոցային երաժիշտները՝ շատ նման մեր երաժիշտներին, բայց որոնք երգում էին հին անգլիական երգեր՝ Beatles եւ այլն:

Լոնդոնյան գետնուղիներում շատ անցումներ կան, եւ գրեթե ամենուր որեւէ գործիքի վրա ամենատարբեր մարդիկ են նվագում՝ ծերունիներ, միջին տարիքի կանայք, երիտասարդներ… Լոնդոնի համար բնորոշ տեսարան. միջին տարիքի տղամարդը ջութակ է նվագում, ավարտում է մեղեդին եւ սկսում հավաքվել: Նրան է մոտենում օտարերկյա զբոսաշրջիկը, դրամ մեկնում եւ խնդրում նորից նվագել: Տղամարդը, գումարը չվերցնելով, շարունակում է հավաքվել եւ սեփական արժանապատվության անհաղթահարելի զգացումով պատասխանում. «Ներեցեք, ես արդեն ավարտեցի աշխատանքս եւ տուն եմ գնում»:

Եթե պատրաստվում եք Անգլիա մեկնել, հատկապես՝ Լոնդոն, ձեր նախապատրաստության հիմնական միտքը պետք է լինի այն, որ այնտեղ ամեն ինչ թանկ է: Թանկ է նույնիսկ Մոսկվայի համեմատ: Օրինակ, ամենապարզ հոսթելը կամ, այսպես կոչված, «էքսպրես շարքի» հյուրանոցը, որտեղ մատուցվող ծառայությունները սահմանափակ են, սենյակը մեկ գիշերվա համար արժե 150 դոլար: Չեմ կարող ասել լոնդոնյան բոլոր հյուրանոցների մասին, բայց բոլոր էժանագին հյուրանոցներում, որտեղ եղել եմ, ամենուր անձնակազմը շատ հարգանքով է՝ անկախ ազգությունից:

Canary Warf. առեւտրային եւ գործարար կենտրոն համանուն մետրոյի կայարանում: Այստեղ բազմաթիվ խանութներ, գարեջրատներ եւ ռեստորաններ կան: Այս վայրը ձեզ պետք կգա, եթե ապրում եք Իսթ-Էնդում:

Հանրահայտ Oxford Street: Այստեղ կենտրոնացած են մեծ ունիվերսալ խանութներ (անպայման մտեք Selfriges եւ Debenhams) եւ բոլոր հանրահայտ ապրանքանիշերի փոքրիկ բուտիկներ: Այստեղ կարելի է գնել բացարձակապես ամեն ինչ, իսկ եթե Լոնդոնում մնալու եք գոնե մի քանի օր, ապա կարող եք զեղչերի ժամանակ հրաշալի իրեր գտնել միանգամայն հաճելի գնով: Իհարկե, առաջին հերթին այստեղ պետք է գնել ամեն բրիտանականը՝ Clark's-ից կոշիկ, Թեդի փափուկ արջուկներ եւ հանրահայտ անգլիական ճենապակի:

Ինչպես զբոսանքի, այնպես էլ գնումների համար հետաքրքիր վայր է չինական China Town-ի մոտ գտնվող Սոհոն: Այստեղ կարելի է գտնել հազվագյուտ գրքեր եւ լավ երաժշտություն:

Իսկ King՛s Road փողոցը նորաձեւության բոլոր սիրահարների երազանքների գագաթնակետն է: Կանացի հիասքանչ գլխիկներում պտտվող ամենահամարձակ պատկերներն անգամ այստեղ իրականության թույլ նմանակումը կլինեն: Հատուկ ուշադրություն դարձրեք կոշիկներին եւ, թվում է թե, հագուստի ամենապրոզայիկ մանրուքի՝ գուլպաների տարբեր մոդելներին եւ երանգներին:

Հարկավոր է հաշվի առնել, որ առեւտրային բոլոր խոշոր կենտրոնները հիմնականում փակվում են ժամը 20:00-ին, իսկ փոքրերը՝ 18:00-ին, այդ պատճառով երեկոյան գնումներ մի նախատեսեք: Իսկ կիրակի օրերին ընդհանրապես ամեն ինչ աշխատում է 17:00-ից ոչ ուշ: Բրիտանացիները խնայում են իրենց առողջությունը եւ չեն աշխատում ավելի, քան անհրաժեշտ է: Ռեստորանները նույնպես աշխատում են մինչեւ կեսգիշեր, եւ դրանցից շատերը հանգստյան օրերին չեն գործում:

Լեգենդար Թաուերյան կամուրջը, որ ռուսական երիտասարդությանը հայտնի է Զեմֆիրայի երգից, փոքր-ինչ մռայլ տպավորություն գործեց: Մեղավորը նոյեմբերին բնորոշ սարսափելի սառը քամին էր: Ամեն դեպքում, այս վայրն ուշադրության արժանի է: Բացի այդ, այնտեղից Թեմզայի եւ դրա շրջակայքի գեղեցիկ լուսանկարներ են ստացվում:

London Eye. հսկայական դիտանիվ՝ հարմար փակ խցիկներով, որը կանգնած է Վեսթմինսթերի դիմաց, անմիջապես գետափին: Եթե եղանակի հարցում ձեր բախտը բերի, ապա Լոնդոնի կենտրոնից հիշատակի հրաշալի լուսանկարներ կմնան:

Իսկ անիվի կողքին՝ ծառուղում, այլ զվարճանք կա. կենդանի քանդակներ: Թագավորի եւ թագուհու, Հարրի Փոթերի եւ Ալիսան հրաշքների աշխարհումի հերոսների հագուստներ հագած մարդիկ ամբողջ օրը կանգնած են պահակակետում՝ ինչպես քարացած արձաններ: Բայց հարկ է միայն մետաղադրամ նետել, եւ նրանք սկսում են շարժվել, զվարճալի ձայներ արձակել, երբեմն կարող են նույնիսկ բռնել ամենից հետաքրքրասեր փոքրիկներին եւ թողնել միայն երկրորդ մետաղադրամը ստանալու դեպքում:

Դիտանիվի անմիջապես կողքին տեղակայված է Սալվադոր Դալիի փոքրիկ թանգարանը: Դրա առջեւ լուրջ տեսքով հետ ու առաջ է քայլում Դալիի կոստյումով մի մարդ՝ նկարչին բնորոշ բեղերով, եւ անվրդով խոսում է… ո՛չ բջջայինով: Հսկայական օմարով, որի բեղիկները դեպի երկինք են ուղղված:

Իսկ կամուրջն անցնելու դեպքում կհայտնվեք Վեսթմինսթերում, եւ անմիջապես ձեր առջեւ վեր կհառնի ճանաչված Բիգ Բենը՝ ժամացույցով եւ հսկայական զանգակով բարձր աշտարակը. զանգակի ձայնը լսելի է 6.5 կմ շառավղով: Վեսթմինսթերը Լոնդոնի գեղեցիկ պատմական շրջանն է, որտեղ մինչ օրս տեղակայված է Պառլամենտը, եւ որտեղ՝ Վեսթմինսթերյան աբբայությունում, իրենց վերջին հանգրվանն են գտնում բրիտանական թագավորները:

Շերլոք Հոլմսի թանգարանը Բեյքեր-սթրիթում: Եթե դուք սովետական մարդ եք, ապա, ամենայն հավանականությամբ, ճանապարհին ինքներդ ձեզ կբռնեք այն մտքի վրա, որ ուղեւորվում եք դեպի Լիվանովի թանգարան:

Հոլմսի թանգարանը հիասքանչ վայր է: Լիվանովի լուսանկարն իսկապես կախված է մեծ ցուցատախտակի կենտրոնում՝ տարբեր Հոլմսերի լուսանկարների հետ, եւ անձամբ թագուհին խոստովանել է, որ նա լավագույնն է:

Իսկ տունն ամենեւին այն չէ, ինչ «մեր» ֆիլմում: Նեղ ճռճռացող սանդուղքը ոլորվում է մինչեւ չորրորդ հարկ: Ամենավերեւում՝ տանիքի տակ, հուզիչ սենյակ է՝ 20-րդ դարասկզբի սանտեխնիկայով, փոքր-ինչ ներքեւ՝ Վաթսոնի, կողքին՝ միսիս Հադսոնի սենյակը:

Վաթսոնի սենյակում փայտե արկղ է՝ կերամիկական ձագարով՝ ինչպես բիոզուգարան, պարզապես առանց բիոյի: Տարօրինակ է, բայց չգիտես ինչու միայն Վաթսոնի սենյակում կա:

Մի քանի սենյակներ նվիրված են տարբեր սյուժեների. այնտեղ կանգնած, պառկած, նստած եւ ձեղնահարկի պատուհաններից կախված են Կոնան-Դոյլի պատմվածքների մոմե արձանները:

Երկրորդ հարկում Հոլմսի սենյակն է՝ հարմարավետ, փոքրիկ, տարատեսակ տարրաներով: Իսկ մեծ ընդհանուր հյուրասրահի բուխարիում կենդանի կրակ է վառվում եւ թվում է, որ Հոլմսը Վաթսոնի հետ 5 րոպե առաջ դուրս է եկել Ռիջենթ այգում զբոսնելու, որ փողոցի մյուս կողմում է… Փոքրիկ սեղանիկին ծխամորճ է, կողքի աթոռին՝ ջութակ, ամեն ինչ գեղարվեստական թափթփվածությամբ եւ այնքան կենդանի…

Շատ հաճելի է, որ կարելի է ամենուր քայլել եւ ամեն ինչ ձեռք տալ, խիստ հսկիչներ չկան, ովքեր ձեր ձեռքերին կխփեն եւ կբղավեն, որ թանգարանային արժեքներին չդիպչեք: Հակառակը, հյուրասենյակում միսիս Հադսոնի հագուստով շատ հաճելի աղջիկ է նստած եւ ցանկացողներին իրենց խցիկներով լուսանկարում է:

Առաջին հարկում հուշանվերների խանութ է, որտեղ կարելի է թողնել ամբողջ կանխիկ գումարը եւ հեռանալ յուրօրինակ մագնիսների, գդալների, կախազարդերի եւ այլ անպետքությունների մի ամբողջ պայուսակով:

Բերքեր-սթրիթի այս անկյունն ընդհանրապես գեղեցիկ է. Հոլմսի թանգարանից մեկ դուռ այն կողմ Էլվիս Փրեսլիի խանութն է, իսկ դրանից անմիջապես հետո փոքրիկ խանութում ապրում են Բիթլները: Ավելի ճիշտ՝ այն, ինչ նրանցից մնացել է:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE