Լոնդոն. դարավոր ավանդույթների եւ ողջամիտ մարդկանց քաղաք (մաս III)

21:56   5 մայիսի, 2013

Բազմաթիվ ուղեցույցներում կհանդիպեք Լոնդոնի մասին հետեւյալ առասպելի. «Ոչ մի դեպքում պետք չէ տարեց մարդկանց տեղ զիջել»: Նրանք, իբր, նեղանում են: Շտապեմ վստահեցնել, որ դա պարզ հորինվածք է: Ծերությունը, ներեցեք, Լոնդոնում էլ է ծերություն, եւ տեղի տատիկները նույնիսկ ուրախանում են, երբ իրենց տեղ են զիջում:

Քենսինգթոնյան այգին (Kensington Gardens) քաղաքի կենտրոնում գտնվող հսկայական կանաչ զբոսայգի է, կախարդական վայր, փոքրիկ հեքիաթ նրանց համար, ովքեր հավատում են հեքիաթներին: Գեղեցիկ եւ խաղաղ: Հինավուրց ամուր ծառերով, մաքուր խնամված սիզամարգերով՝ առանց շների զբոսանքի որեւէ հետքի, չնայած դրանք այնտեղ բավական շատ են, թափանցիկ ջրերով գետով, մոխրագույն ձկնկուլներով եւ ամենատարբեր ջրային թռչուններով…

Նաեւ՝ հանդուգն, երես առած, գեր սկյուռներով, որոնք վազում են ձեր վրայով՝ հենց որ կանգնեք, եւ տնտղում են ձեր գրպանները՝ ընկույզ գտնելու համար, որ արդեն չեն էլ կարողանում ուտել, այլ թաղում են հողում. հավանաբար՝ «սեւ օրվա համար»… 

Այստեղ կանգնած է Փիթեր Փենի արձանը՝ տղայի, ով չէր մեծանում, եւ այստեղ իսկապես ցանկանում ես չմեծանալ, պառկել խոտերի մեջ, խշխշացնել թափված տերեւները եւ հիանալ երկնագույն երկնքով…

Ընդհանրապես, հարկ է նկատել, որ Լոնդոնը խորհրդավոր քաղաք է… քանի անգամ էլ լինես այնտեղ, միեւնույն է՝ ցանկանում ես վերադառնալ…

Օգտակար խորհուրդներ

1. Երբ մեկնել

Կախված է նրանից, թե ինչու եք մեկնում, բայց, ընդհանուր առմամբ, կարելի է Լոնդոն մեկնել ամբողջ տարվա ընթացքում: Եթե ձեզ համար կարեւոր է շրջել խանութներով, ապա զեղչերի շրջանը հունվարն ու հուլիսն է: Ձմռանն այստեղ ամպամած է եւ խոնավ, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին միանգամայն կարող է արեւոտ եղանակ լինել: Հունիսին Լոնդոնի մոտ՝ Ասքոթում արքայական ձիարշավներ են անցկացվում, եւ այդ բացառիկ իրադարձությունը հավաքում է բազմաթիվ զբոսաշրջիկների: Այնպես որ՝ ընտրությունը ձերն է:

2. Տրանսպորտ

Հիթրոու օդանավակայանից Լոնդոն մետրո է գնում. սա քաղաք հասնելու ամենաէժան եւ հարմար միջոցն է: Մինչեւ կենտրոն տաքսին շուրջ 100 դոլար կարժենա:

Քաղաքում տեղաշարժվելը շատ հարմար է ինչպես մետրոյով, այնպես էլ ավտոբուսով: Մետրոյով երթեւեկության արժեքը կախված է նրանից, թե քանի գոտի եք անցնում: Դրանք 6-ն են, ու եւս 4-ը՝ լրացուցիչ: NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս TravelCard գնել այն ժամանակահատվածի համար, որ ձեզ անհրաժեշտ է: Դա ամենից հարմարն է, քանի որ այդ քարտերը գործում են նաեւ ավտոբուսներում: 1 օրվա համար այն արժե 10-ից մինչեւ 24 դոլար՝ կախված գոտիներից:

3. Հյուրանոցներ

Լոնդոնում մեծ քանակությամբ հյուրանոցներ եւ հոսթելներ կան, այդ պատճառով եթե ձեզ մոտ գումար կա եւ առանձնակի պահանջներ չունեք, բնակության վայրի հետ կապված խնդիր չեք ունենա, նույնիսկ եթե նախապես այն չպատվիրեք: Դժվարություններ կարող են առաջանալ միայն ցուցահանդեսների եւ համաժողովների շրջանում, երբ անհրաժեշտ է ամեն ինչ նախապես պատվիրել: Մեկ գիշերվա համար նախատեսեք ոչ պակաս, քան 150 դոլար:

4. Սնունդ

Ամենաէժան տարբերակը Սոհոյի մոտ գտնվող չինական ռեստորաններն են China Town-ում: Այստեղ կարող եք համեստ ճաշել 10 դոլարով, կամ ոչ շատ համեստ՝ 20 դոլարով:

Մեկ այլ՝ ոչ թանկ տարբերակ է արագ սպասարկման սրճարանը: Դրանք շատ են մետրոների շրջակայքում, կենտրոնում եւ պարզապես փողոցներում: Լոնդոնի ռեստորաններում եւ գարեջրատներում պատրաստվեք նվազագույնը 20 դոլար թողնել երկու ուտեստից բաղկացած համեստ ճաշի համար: Ի դեպ, եթե Լոնդոն եք գնում երեխաների եւ պատանիների հետ, ձեզ կարող են գարեջրատուն չթողնել նույնիսկ ցերեկվա ժամերին, քանի որ այնտեղ խաղային ավտոմատներ կան:



© NEWS.am STYLE