Հայաստանի եւ Արցախի մասին 10 Instagram էջեր, որոնց արժե հետեւել

20:35   17 փետրվարի, 2018

Մենք ապրում ենք համացանցի դարում, որտեղ սոցցանցերի էջերը երբեմն ավելի շատ բան եմ պատմում մարդու մասին, քան դա կարող է անել մարդն անձամբ: Այսօր գրեթե յուրաքանչյուր հայտնի մարդ, ապրանքանիշ, հրատարակություն, ԶԼՄ իր պարտքն է համարում հաշիվ ունենալ աշխարհում ամենահայտնի սոցցանցերից մեկում՝ Instagram-ում:

Այս սոցցանցը հիանալի տարբերակ է գովազդելու ոչ միայն ապրանք, այլեւ երկիրը՝ խթանելով զբոսաշրջությունը: Վերջին շրջանում Instagram-ում նկատելիորեն ավելացել են Հայաստանի, Արցախի եւ Երեւանի մասին հետաքրքիր եւ որակյալ կոնտենտով էջերը, որոնք յուրահատուկ այցեքարտ կարող են դառնալ մեր երկրի համար:

NEWS.am STYLE-ն առանձանցրել է դրանցից մի քանիսը, որոնց արժե հետեւել ;)

Live Love Armenia

Live Love համաշխարհային ըքաունթի ընտանիքին միացել է նաեւ Հայաստանը: Էջն ունի մեծ թվով հետեւորդներ եւ հավանություններ: Այստեղ հայտնվում են Հայաստանի գեղատեսիլ վայերի մասին լուսանկարներ, ֆոտոպատմություններ եւ պարզապես հիասքանչ բնապատկերներ, որոնք, ի դեպ, վերցվում են ոչ միայն պրոֆեսիոնալներից, այլեւ սոցցանցերի ամենասովորական օգտատերերից: Պարզապես Հայաստանի վերաբերյալ ձեր գրառումներում ավելացրեք #livelovearmenia հեշթեգը, եւ չի բացառվում, որ էջը վարողները մի օր ձեր լուսանկարը հրապարակեն:

Live Love Artsakh

Իհարկե, Արցախ աշխարհը չէր կարող անմասն մնալ այս շարժումից: LiveLoveArtsakh-ը, բնականաբար, պատմում է հայկական երկրորդ պետության մասին՝ ամենագեղեցիկ եւ խոսուն լուսանկարներով:

Armenia

Միաժամանակ հայկական երկու պետությունների մասին պատմող էջը 10 հազարից ավելի հետեւորդներ ունի: Այստեղ տեղ են գտնում ինչպես բնության, տեսարժան վայրերի պատկերներ, այնպես էլ՝ մարդկանց:

Armenian Gallery

Հայկական պատկերասրահ, եւ սրանով ամեն ինչ ասված է: Էջը գովազդում է Հայաստանի եւ Արցախի քաղաքներն ու գյուղերը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալ լուսանկարների վրա:

Ig Armenia

Instagram Armenia ըքաունթը ներկայացված էջերից ամենաշատ հավանություններն ունի՝ գրեթե 90 հազար: Էջը ոչ միայն գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում Հայաստանի եւ Արցախի մասին, այլեւ հետաքրքիր տեսանյութեր, հայկական ուտեստների պատրաստման մասին կարճ հոլովակներ եւ այլն:

Streets of Yerevan

Իսկ այս էջը Երեւանի եւ երեւանցիների մասին է: Մեր մայրաքաղաքի հայտնի փողոցներն ու շինությունները, գողտրիկ անկյունները եւ պարզապես կոլորիտը կարելի է վայելել այս էջի միջոցով: Եվ կրկին «փորձել բախտը»՝ հեշթեգերում օգտագործելով #streetsofyerevan-ը:

Armenian Treasures

Հայկական գանձերի մասին պատմող այս էջը համեմատաբար նոր է ստեղծվել, եւ ադմինները միշտ պատրաստակամ են վերահրապարակել Հայաստանի մասին ձեր որակյալ լուսանկարները, եթե գրառումներում թեգ անեք էջը:

We Heart Yerevan

We Heart City շարժման «երեւանյան մասնաճյուղը» :) Դարձյալ մեր մայրաքաղաքի (եւ ոչ միայն) տեսարժան վայրերի եւ կառույցների մասին պատմող էջ, որում կարող են եւ ձեր հեղինակած լուսանկարները հայտնվել:

Armenian Memories

«Հայկական հիշողություններ» խորհրդաշնական անվամբ այս էջում, բնականաբար, տեղ են գտնում մեր երկրի եւ հայերնակիցների մասին պատմող լավագույն կադրերը: Էջի նկարագրության մեջ նշված է, որ օգտագործվում են բացառապես լուսանկարիչների աշխատանքներ: Այնպես որ, պրոֆեսիոնալ լուսանկարիչները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել ;)

Armenian Geographic

Ըքաունթի անունն արդեն հուշում է, որ այն ավելի շատ նվիրված է մեր երկրի աշխարհագրությանը: Բարձրադիր լեռներ, դժվարանցանելի ուղիներ, գետեր, ջրվեժներ, մի խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի բնությունն իր ամբողջ կատարելությամբ, որը հատկապես կգնահատեն էքստրիմի սիրահարները:

Ցանկը կազմեց Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE