«Դեպի Եվրատեսիլ». եզրափակիչ անցած առաջին հնգյակը հայտնի է

23:44   19 փետրվարի, 2018

Այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում տասը մասնակից պայքարեցին փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:

Մրցութային առաջին տասնյակում հանդիսատեսին իրենց երգերը ներկայացրեցին Գեւորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա» բենդը, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելյանը, Ռոբերտ Քոլոյանը եւ «Գաթա» բենդը:

Մրցույթի կանոնների համաձայն՝ նրանցից միայն հինգը՝ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ, անցան եզրափակիչ փուլ: Այսպիսով՝ առաջին կիսաեզրափակիչը կարողացան հաղթահարել հետեւյալ մասնակիցները՝ Մհեր, Ռոբերտ Քոլոյան, Գեւորգ Հարությունյան, Լուսինե Մարդանյան, «Նեմրա»:

Թե ով կմիանա նրանց եզրափակիչում, պարզ կդառնա փետրվարի 22-ին՝ երկրորդ կիսաեզրափակչից հետո, որի ընթացքում ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը:

Մրցույթի եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:



© NEWS.am STYLE