Քլունիները կես միլիոն դոլար են հատկացրել ԱՄՆ-ում զենքի վաճառքը խստացնելու պահանջով ակցիաների անցկացմանը

14:34   21 փետրվարի, 2018

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում ողբերգություն է տեղի ունեցել՝ Փարքլենդի միջնակարգ դպրոցում, Ֆլորիդայում, տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, վիրավորվել՝ ևս 20-ը։

Այդ դպրոցի նախկին աշակերտ, 1999 թ ծնված Նիկոլաս Քրուզը մտել է դպրոց ու կրակել իր նախկին համադասարանցիների վրա։ Դեռահասին դպրոցից հեռացրել էին կարգապահական խնդիրների պատճառով։

Դրանից հետո լրատվամիջոցներում ու սոցցանցերում բարձրացել է վրդովմունքի հերթական ալիքը. աստղերը, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, կարծիք են հայտնել, որ ժամանակն է արգելել զենքի ազատ վաճառքը։

Billboard-ը հայտնում է, որ Ջորջ եւ Ամալ Քլունիները կես միլիոն դոլար են հատկացրել ԱՄՆ-ում զենքի վաճառքը խստացնելու պահանջով կազմակերպվող ակցիաներին։ Նրանց է միացել նաև Օփրա Ուինֆրին՝ դարձյալ 500 հազար դոլարով։

Քլունիներն ու Օփրան մասնակցելու են նաև Վաշինգթոնում մարտին ծրագրվող երթին, որն ուղղված է լինելու զենքի ազատ վաճառքի դեմ՝ դպրոցներում անվտանգություն ապահովելու պահանջով։

«Ամալն ու ես այնքան ենք ոգևորվել Սթոունմեն Դուգլաս դպրոցի երիտասարդ պատանիների ու աղջիկների համարձակությամբ ու ելույթներով։ Մարտի 24-ին մեր ընտանիքը կանգնած կլինի ամբողջ երկրի երիտասարդների այդ անհավանական սերնդի կողքին»,- ասել է Քլունին։

Լուսանկարները՝ Variety, Billboard

 



© NEWS.am STYLE