«Եթե ինձ բախտ վիճակվեր դառնալ այլ մարդ, դա կլիներ Բեյոնսեն». Դակոտա Ֆենինգը նշում է ծննդյան 24-ամյակը

16:34   23 փետրվարի, 2018

Ամերիկացի դերասանուհի Դակոտա Ֆենինգն այսօր՝ փետրվարի 23-ին, նշում է ծննդյան 24-ամյակը: Կապուտաչյա գեղեցկուհին ճանաչում ձեռք է բերել դեռեւս փոքր տարիքից` նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիրք են` «Ես Սեմն եմ», «Աշխարհների պատերազմը», «Շարլոտայի սարդոստայնը» եւ այլն:

Նա հայտնի է նաեւ «Մթնշաղ» ֆիլմում իր դերով, որտեղ մարմնավորում է վամպիրուհի Ջեյնին:

Ապագա աստղի մոտ դերասանական տաղանդը հայտնաբերվել է վաղ տարիքից: Երբ աղջիկը չորս տարեկան էր, ծնողները որոշում են նրան ընդունել տանից ոչ հեռու գտնվող թատերական խմբակ, որտեղ հաճախակի էին ներկայացումներ բեմադրվում, իսկ Դակոտան կարճ ժամանակում դարձավ այդ ներկայացումների անբաժան մասնիկը: Նկատելով աղջկա անսովոր տաղանդը` ուսուցիչները Դակոտայի ծնողներին խորհուրդ են տալիս ավելի լրջորեն զբաղվել նրա կարիերայով: Շուտով փոքրիկ դերասանուհու համար գործակալ են գտնում, որի խորհրդով էլ Ֆենինգի ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես` ավելի լայն հնարավորությունների հետեւից:

Երբ վեց շաբաթ անց Դակոտայի ծնողները որոշում են վերադառնալ տուն, աղջիկն անսպասելի նկարահանման առաջարկ է ստանում` Tide ապրանքանիշի գովազդային հոլովակում: Այդպես էլ սկսվում է Դակոտա Ֆենինգի հաջողությունը. շուտով նա սկսում է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում` կերտելով իր ուղին կինոյի արտասովոր աշխարհում:

Հետաքրքիր արտաքինի շնորհիվ աղջկան հրավիրում են նաեւ լուսանկարվել հեղինակավոր ամսագրերի շապիկներին եւ ամենահայտնի բրենդների գովազդային արշավներում:

Ներկայացնում ենք Դակոտա Ֆենինգի արտահայտած մտքերից մի քանիսը.

«Կարծում եմ՝ նախորդ կյանքում ես ճապոնացի դպրոցական եմ եղել: Ահա, թե որքան եմ սիրում Hello Kitty-ին»:

«Մարդիկ միշտ խոսել են իմ մասին իմ մեծ ու կապույտ աչքերի շնորհիվ»:

«Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ էությունը, սակայն եթե ինձ բախտ վիճակվեր մի քանի վայրկյանով դառնալ այլ մարդ, դա կլիներ Բեյոնսեն»:

«Դերասանությունն այն է, ինչ ես սիրում եմ: Դա ինձ համար աշխատանք չէ, դա հաճույք է»:

«Ես երկու տարեկանում արդեն գիտեի կարդալ…»:

«Ֆիլմերը, որքան եւ արդեն բարձրաձայնված բառերի մասին են, նույնքան էլ իրենց մեջ լռություն են պարունակում»:

«Երկու տարեկանում բալետի էի հաճախում, բայց արդեն երազում էի դերասանուհի դառնալու մասին»:

«Կցանկանայի հանդիպել Ջուլիա Ռոբերթսին եւ Քեմերոն Դիասին: Կարծում եմ՝ կարող էի մարմնավորել նրանց դստեր դերը»:

«Իմ ծնողները երբեք ինձ երեխայի պես չեն վերաբերվել. երեւի դրա համար էլ միշտ հասուն եմ երեւացել»:

«Իմ խաղացած ցանկացած դեր իր մեջ երազանքի մի մասնիկ է պարունակել»:

Լուսանկարները՝ Facebook-ից

 



© NEWS.am STYLE