Եվա Ռիվասն իր կարաոկե-ակումբի մասին. «Հարկ է լինում վիտամինների պաշար հավաքել՝ դիմանալու համար»

14:56   4 մայիսի, 2013

«Եվրատեսիլ 2010»-ի աստղ Եվա Ռիվասը կարաոկե-ակումբ է բացել, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Մշակույթի զբոսայգու անմիջական հարեւանությամբ: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց հենց երգչուհին:

«Այդ ակումբի տիրուհին դարձել եմ ուղիղ մեկ շաբաթ առաջ: Հիմա ակումբը կոչվում է «Մոնրո», բայց պաշտոնական բացման ժամանակ արդեն, որը կկայանա հուլիսի 13-ին՝ իմ ծննդյան տարեդարձի օրը, ակումբը նոր անվանում կունենա, որը դժվար թե ինչ-որ մեկին զարմացնի. «RIVAS»: Կարճ, պարզ, վառ եւ որեւէ այլ տեղ նման անվանում չի լինի: Հիմա ակումբում շատ աշխատանք ունեմ: Անվանը համապատասխան՝ փոխում եմ ինտերիերը, նոր անձնակազմ եմ հավաքում, նոր կանոններ հաստատում: Անկեղծ ասած, ինձ հետ աշխատողների համար դյուրին չէ: Ես անհավատալի խիստ եւ բծախնդիր տիրուհի եմ: Բայց միայն այդպես կհասնենք հաջողության: Ժամանակին ինձ հետ այդպես են վարվել…

Ցավոք, այս ակումբը նվեր չէ, ոչ ոք ինձ ոչինչ չի նվիրել: Բայց ես կյանքում չեմ ձգտում նվերներ ստանալ, սովորել եմ ամեն ինչին ինքս հասնել: Ես այդ հաստատությունը ոտքի կկանգնեցնեմ, եւ այն կընդգրկվի Մոսկվայի կարաոկե-ակումբների լավագույն եռյակում, ասում եմ վստահորեն:

Ակումբում ես երգում եմ, բայց շատ հազվադեպ, միայն ինձ այցելող ընկերներիս կամ մշտական հյուրերի խնդրանքով: Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են ինձ լսել, բացման օրն իմ համերգը կկայանա: Դա կլինի շատ վառ, Մոսկվայի համար անմոռանալի իրադարձություն, որը կուղեկցվի ռուսական շոու-բիզնեսի աստղերի, բարձր հասարակության, մամուլի ներկայությամբ եւ գեղեցիկ շոուով:

Շատ այցելուների համար կարեւոր է, որ տիրուհին հենց ես եմ: Միայն ինձ համար են նրանք այս ակումբի հաճախորդ դառնում, եւ ինձ շատ հաճելի է:

Գործերը հրաշալի առաջ են գնում: Ամեն օր իմ ակումբը լի է ռուսական մայրաքաղաքի հետաքրքիր, հայտնի եւ վառ անհատներով: Երեկոյան 8-ից մինչեւ… առավոտյան 8-ը… Նվազագույնը… Շատերը նախընտրում են ակումբի աշխատանքը եւս մեկ-երկու ժամով երկարացնել: Եվ ես նստում եմ մինչեւ վերջին պահը: Առողջությունս պահանելու համար ստիպված եմ լինում բազմաթիվ վիտամիններ օգտագործել»,- պատմեց Եվան:



© NEWS.am STYLE