Ողբերգական պատմություն. ինչպես ծնողներն իրենց որդուն աղջկա վերածեցին եւ դրդեցին ինքնասպանության

18:02   27 փետրվարի, 2018

1965 թվականին կանադական Վինիպեգ քաղաքում ապրող Ջանեթ եւ Ռոն Ռայներների ընտանիքում համալրում է տեղի ունենում. զույգը տղա երկվորյակ է ունենում՝ Բրայան եւ Բրյուս:

Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, մինչ այն պահը, երբ մայրը նկատում է, որ երեխաները դժվարությամբ են միզում: Բժիշկները որոշում են վիրահատական միջամտություն կատարել, ինչի արդյունքում երեխաներից մեկի՝ Բրայանի վիրահատությունն անցնում է հարթ, իսկ Բրյուսի դեպքում բժիշկների անփութությունը ճակատագարական է լինում: Նրանք խոստովանում են, որ երեխայի առնանդամը վերականգնել այլեւս հնարավոր չէ:

Հուսահատ ծնողները չգիտեին, թե ինչ անել, եւ մի օր պատահաբար մի հեռուստաշոու են դիտում, որի ընթացքում ոմն Ջոն Մանի համարձակ հայտարարություններ է անում երեխայի սեռի մասին առ այն, որ նորածին երեխան մաքուր թուղթ է եւ որ իրականում ծնողներն են որոշում՝ որպես աղջիկ մեծացնել նրան, թե որպես տղա: Այս արտահայտությունից Բրյուսի ծնողները ոգեւորվում են եւ որոշում, որ եթե իրենց որդին զրկված է նորմալ առնանդամից, ուրեմն պետք է նրան որպես աղջիկ վերաբերվել: Բժիշկ Ջոն Մանն առաջարկում է հեռացնել երեխայի առնանդամն ու Բրյուսին դարձնել Բրենդա: Այդպես, 1967 թվականին երեխան սեռափոխության վիրահատության է ենթարկվում: Սակայն դժվարություններն անխուսափելի են լինում:

Բրենդան հրաժարվում էր աղջկա զգեստ հագնել, պահում էր իրեն՝ ինչպես տղա: Նա եւ եղբայրը պետք է անընդհատ այցելեին բժիշկ Ջոնին, որը նրան կսովորեցներ, թե ինչպես է պետք լինել աղջիկ: Սակայն բժիշկի այցելություններն իսկական ողբերգություն էին երկու երեխաների համար էլ: Մանը նրանց ստիպում էր մերկանալ եւ ուսումնասիրել միմյանց սեռական օրգանները՝ պատճառաբանելով, թե այդ կերպ երեխաներին սեռական դաստիարակություն է տալիս: Ավելի ուշ Բրենդայի եղբոր՝ Բրայանի մոտ, շիզոֆրենիա են ախտորոշում:

Երբ Բրեդան դառնում է 15 տարեկան, բժիշկը խորհուրդ է տալիս եւս մեկ վիրահատություն կատարել, որով նա վերջնականապես աղջկա կվերածվեր, սակայն նա հրաժարվում է՝ ինքնասպանության փորձ կատարելով: Այդ ժամանակ նրա հայրն, ի վերջո, խոստովանում է երեխային, որ նա իրականում տղա է ծնվել:

Այդպես, Բրենդան որոշում է կրկին փոխել սեռը՝ դառնալով տղա: Նա փոխում է անունը՝ Դեւիդ, մի քանի վիրահատություններ կատարում՝ փորձելով վերականգնել իր տղամարդկային սկիզբը: Այդպես, տարիներ անց, 23 տարեկանում Դեւիդն ամուսնանում է, սակայն նրա ամուսնությունը կարճ է տեւում: Շուտով ինքնասպանություն է գործում Դեւիդի եղբայրը՝ Բրայանը, ինչի համար Դեւիդն իրեն է մեղավոր զգում. չէ՞ որ ծնողները ծնված օրվանից իրենով են տարված եղել՝ անտեսելով իրենց մյուս որդուն...

Մի քանի դեպրեսիոն տարիներից հետո՝ 2004 թվականին, 38 տարեկանում Դեւիդն ինքնասպան է լինում՝ ատրճանակից կրակելով գլխին:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE