Exclusive. Wiwibloggs-ի Ուիլյամը՝ Սեւակ Խանաղյանի հաղթանակի, Կամիլի եւ Հայաստանից ստացած տպավորությունների մասին

12:08   1 մարտի, 2018

«Դեպի Եվրատեսիլ»-ն արդեն անցյալում է, սակայն Սեւակ Խանաղյանի հաղթանակի եւ մրցույթի մյուս մասնակիցների մասին քննարկումները դեռ շարունակվում են: Այս տարվա մրցույթը հայտնվեց նաեւ եվրատեսիլյան Wiwibloggs կայքի կիզակետում, որի հայտնի լրագրողներից մեկը՝ Ուիլյամ Լի Ադամսը, մրցույթի եզրափակիչը լուսաբանելու նպատակով ժամանել էր Երեւան: Չնայած բլոգերը երկար չմանաց իր իսկ խոսքով «իր տեսած ամենահյուրընկալ երկրում», այնուամենայնիվ, հասցրեց մտերմանալ մրցույթի բոլոր մասնակիցների հետ եւ լինել մի քանի գեղատեսիլ վայրերում:

Սեւակ Խանաղյանի հաղթանակի, մրցույթում իր ֆավորիտների եւ Հայաստանում անցկացրած ժամանակի մասին Ուիլյամը բացառիկ հարցազրույց է ունեցել NEWS.am STYLE-ի հետ:

Ըստ բլոգերի՝ «Դեպի Եվրատեսիլ»-ը մեկ տարվա ընթացքում մեծ առաջընթաց է ապրել.

«Նոր ձեւաչափը թույլ տվեց, որ մարդիկ հենց սկզբից ընտրեն իրենց նախընտրած երգն ու կատարողին: Շատ դժվար է կանխատեսել՝ արդյոք երգիչն ինչ-որ նորություն կարո՞ղ է տալ «Եվրատեսիլին», երբ նա մրցույթին մասնակցում է Ուիթնի Հյուսթոնի կամ Ռիհանայի քավր տարբերակներով: Նոր ձեւաչափի շնորհիվ նախագիծը տարբերվեց The Voice կամ X Factor շոուներից, քանի որ «Դեպի Եվրատեսիլ»-ը ներկայացնում է երգիչներին իրենց համար գրված երգերով, ըստ այդմ՝ շեշտը դրվում է հենց կատարողի վրա: Նաեւ կարծում եմ՝ բեմը հրաշալի էր կառուցված: Բեմի վրա փայլող լույսերը դարձան «Դեպի Եվրատեսիլ»-ի խորհրդանիշը: Հուսով եմ՝ այս դիզայնը կպահպանվի նաեւ հաջորդ տարիներին»:

Ըստ նրա՝ Հայաստանն ընտրեց եվրատեսիլյան լավագույն երգն ու ելույթը:

«Սեւակն այնպիսի ձայն ունի, որը կշշմեցնի թե´ ժյուրիի անդամներին, թե´ հեռուստադիտողին: Բացի այդ՝  նա առաջին հայ ներկայացուցիչը կլինի, որը սկզբից մինչեւ վերջ իր երգը կկատարի հայերենով: Հրաշալի  է, որ նա իր երկրին նման պատվի կարժանացնի: Մեր կայքի շատ ընթերցողներ նշում են. «Հայերենը գեղեցիկ է հնչում. ինչո՞ւ նրանք ամեն տարի հայերեն երգ չեն ներկայացնում»: Նաեւ կարծում եմ՝ նրա բեմադրությունը շատ ճաշակով էր: Այն պարզության եւ լույսերի ներդաշնակություն էր: Երգը հանդարտ է, երկու րոպե այդ տրամադրության մեջ, իսկ հետո այն պայթում է: Ես դա զգացել եմ»:

Այնուամենայնիվ, Ուիլյամն ուներ նաեւ այլ ֆավորիտներ, որոնց առանձնահատկությունների մասին պատմեց մեզ.

«Տարվա անհատականություն կարելի է համարել Կամիլ շոուին: Նա էներգիայի եւ հումորի մարմնացում է, որը շատ տեղին էր: Նրա կերպարը փայլում էր ոչ միայն բեմի վրա, այլեւ դրանից դուրս՝ մամուլում, կանաչ սենյակում, որտեղ նա բոլոր մասնակիցներին ստիպում էր ծիծաղել: Երբ Մհեր Արմենիան երգում էր Forever երգը, Կամիլը կանգնել էր բազմոցին՝ բջջայինն ամրացրած որովայնին՝ փորձելով ընդօրինակել «հղի» պարուհուն: Շատ ծիծաղելի էր: Մրցույթի ընթացքում Կամիլը դարձավ միջազգային երկրպագուների կողմից ամենաքննարկվող մասնակիցը՝ անկախ նրանից՝ սիրում էին նրան, թե ատում: Նրա հետ մեր հարցազրույցը մեր պատրաստած նյութերից ամենազավեշտալին էր: Նա մի ուրիշ մակարդակի վրա է:

Պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ նա հեռուստադիտողների քվեարկությամբ արժանացավ երկրորդ հորիզոնականին: Սա ցույց տվեց, որ Հայաստանը բաց է նոր կերպարների եւ ոճերի առաջ, եւ որ հայերը միայն ազգային երաժշտության եւ ոճի սիրահար չեն: Հուսով եմ՝ Կամիլին եւ նրա հրաշալի բեքվոկալիստներին դեռ էլի կտեսնենք մրցույթի շրջանակում:

Ինչ վերաբերում է Nemra-ին՝ նրանք շատ էին աճել երգի ստուդիական տարբերակից մինչեւ կենդանի շոու: Անկեղծ ասած՝ սկզբում ինձ երգն այնքան էլ դուր չէր գալիս, բայց նրանց վոկալիստը շատ խարիզմատիկ է, եւ կենդանի կատարման ժամանակ երգը կյանք ստացավ: Բացի այդ՝ խմբի անդամների ամուր կապը շատ լավ է աշխատում:
Նաեւ Ռոբերտին ու Մհերին եմ հավանել՝ որպես կատարողներ: Նրանք շատ տաղանդավոր են, չնայած՝ նրանց երգերն այնքան էլ չեմ հավանել: Սակայն զարմանալին այն է, որ նրանց երգերի կրկներգերը մինչ օրս երգում եմ: Այնպես որ, կարծում եմ՝ նրանց հեղինակները լավ գիտեն՝ ինչպես երգը տեղ հասցնել»:

Ուիլյամը կարծում է՝ Հայաստանը կկարողանա հրաշալի շոու կազմակերպել հաղթանակի դեպքում:

«Ես հանդիպել եմ դեպքերի, երբ որեւէ հարուստ ընտանիք կամ օլիգարխ գումար է ծախսել եւ համապատասխան բեմ պատրաստել մրցույթի համար, սակայն խոսքը միայն համերգասրահի մասին չէ, մարդկանց գործոնը եւս կարեւոր է: Հայերը «Եվրատեսիլ»-ի իսկական երկրպագուներ են: Ինձ հուզեց հանդիսատեսի էնտուզիազմը: Համերգասրահը մեծ չէր, բայց այն թնդում էր էներգիայով: Եթե մի օր դուք հյուրընկալեք այս մրցույթը, ես համոզված եմ՝ հազարավոր հայեր կմասնակցեն դրան եւ ցույց կտան իրենց հայտնի հյուրասիրությունը:

Ես նաեւ համոզված եմ, որ Հանրային հեռուստատեսությունը ջանք չի խնայի դրա համար: Յուրաքանչյուրը, ում հանդիպեցի մրցույթի ընթացքում, ջանք չէր խնայում շոուն հնարավորինս ֆանտաստիկ դարձնելու համար: Հայաստանն առավել մեծ սիրով է մոտենում իր հաղորդաշարերին, ինչը հաճախ շատ երկրներ չեն անում»:

Ուիլյամի հետ խոսեցինք նաեւ մրցույթից դուրս՝ երկրից ստացած տպավորությունների եւ այստեղ անցկացրած ժամանակի մասին: Պարզվում է՝ բլոգերն այս առումով եւս տպավորված է:

«Նախ եւ առաջ, ուզում եմ նշել, որ հայերն իմ հանդիպած ամենահյուրասեր ազգն են: Միացյալ Թագավորությունում բոլորն էլ քաղաքակիրթ են, բայց, միգուցե, մի փոքր սառը: Հայաստանում մարդիկ ե´ւ քաղաքակիրթ են, ե´ւ ջերմ: Նրանք շատ բարեհամբույր են օտարերկրացիների հանդեպ եւ պատրաստակամ նրանց ցուցադրելու իրենց մշակույթը, սովորույթները, սովորեցնելու լեզուն: Մեծ տարբերություն կա Հայաստանի եւ իմ՝ մինչ այսօր տեսած մյուս երկրների միջեւ: Այլ երկրներում մարդիկ այդքան էլ հյուրընկալ չեն զբոսաշրջիկների հանդեպ, բայց Հայաստանում մարդիկ ուրախանում են այցելուների դեպքում: Դա այնքան հրաշալի է: Այստեղ նաեւ շատ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հուսով եմ՝ կտեսնեմ մոտ ապագայում:
Երեւանը շատ կենդանի քաղաք ինձ թվաց: Այստեղ շատ ռեստորաններ կան, տարբեր գներ, հրաշալի վայրեր, ինչպես օրինակ՝ Կասկադը եւ Կարապի լիճը, որտեղ այնքան հանգիստ է»:

Հայտնի բլոգերը մեկնելուց առաջ հասցրել է լինել Հայաստանի ոչ պակաս հայտնի վայրերում.

«Հասցրեցի լինել նաեւ քաղաքից դուրս՝ Գառնիում, որն ասես գեղեցիկ ֆիլմի տեսարան լիներ: Տաճարը հիասքանչ էր:

Հետո եղանք նաեւ Գեղարդի տաճարում, որտեղ ես երեք հրաշալի հուշեր կուտակեցի: Առաջինը՝ հենց եկեղեցին էր, որտեղ դեղին մոմեր վառեցի: Տաճարը մութ էր, չկային լույսեր, եւ ես այնտեղ ավելի մեծ հոգեւոր շունչ զգացի: Հաջորդիվ տպավորվել եմ եկեղեցու մյուս անկյունից, որը երբեք չի վերակառուցվել եւ տեղակայված էր քարանձավի ներսում: Ինձ այլ ժամանակահատվածում զգացի: Այնուհետեւ ինձ տպավորեց եկեղեցու ցայտաղբյուրներից մեկը, որտեղից ջուր խմեցի: Բոլորն ինձ ասում են, որ Հայաստանը աշխարհի ամենապարզ ու մաքուր ջուրն ունի: Գեղարդում այն առանձնահատուկ սառն էր: Կարծում եմ՝ կյանքս մի քանի տարով երկարեց այդ ջուրը խմելուց հետո»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ուիլյամ Լի Ադամսը



© NEWS.am STYLE