Սարսափելի պատմություն. ինչպես կախարդ լինելու համար գլխատված կինն արդարացվեց 226 տարի անց

18:31   2 մարտի, 2018

Այս պատմությունը Եվրոպայի վերջին կախարդի՝ Աննա Գյոլդիի մասին է, որը գլխատվելուց 226 տարի անց արդարացվեց:

Բայց սկսենք ամենասկզբից: XIV եւ XVIII դարերում Եվրոպան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգներն ակտիվ պայքար էին մղում կախարդների դեմ: Քանի անմեղ կանայք էին գլխատվել կամ այրվել՝ կրելով կախարդուհու պիտակը... Նրանցից մեկն էլ Աննա Գյոլդին էր, որին անվանում են Եվրոպայի վերջին կախարդ:

Աննան ծնվել է 1734 թվականին, Շվեյցարիայում: Ծնված լինելով աղքատ ընտանիքում՝ Աննան գումար էր վաստակում աղախնի աշխատանքով: Սակայն չլինելով ամուսնացած, նա հղիանում է, սակայն երեխան մեկ օր անգամ չի ապրում ծնվելուց հետո: Այդ տարիներին նորախինների մահացությունը բնական երեւույթ էր, սակայն Աննայի դեպքում դա այդպես չընկալվեց: Նրան մեղադրեցին սեփական երեխայի սպանության մեջ, ինչը տարօրինակ չէր, քանի որ Աննայի գրեթե բոլոր երեխաները մահանում էին: Այսպիսով, կնոջը դատապարտեցին վեց տարվա տնային կալանքի: Աննայի համար դա նշանակում էր դանդաղ մահ, քանի որ նա չէր կարող չաշխատել եւ քաղցի մատնել ինքն իրեն:

Այսպիսով, նա դիմում է փախուստի եւ հաստատվում Գլարուս քաղաքում: Որոշ ժամանակ անց նա աշխատանքի է ընդունվում մի հարգալից դոկտորի՝ Յակոբ Չուդիի տանը: Ասում են, թե նրանք անգամ սիրային կապ են ունեցել, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթանում, եւ Յակոբը կնոջը մեղադրում է իր դստեր կաթի եւ հացի մեջ ասեղներ գցելու մեջ: Նա աշխատանքից հեռացնում է Աննային: Սակայն գործը դրանով չի ավարտվում: Կարծիք կա, թե կինը սպառնացել էր բոլորին պատմել իրենց սիրային հարաբերությունների մասին, այդ պատճառով Յակոբը Աննայի հեռանալուց հետո սկսում է պնդել, որ իր դուստրը, միեւնույն է, երկաթե կտորներ է փսխում: Եզրահանգումը մեկն էր՝ Աննա Գյոլդին կախարդ էր:

Կարճ ժամանակ անց Գլարուսի իշխանություններն Աննային բռնում են եւ կտտանքների ենթարկում: Չդիմանալով ցավերին՝ կինը խոստովանում է, որ իբրեւ թե կապ է ունեցել սատանայի հետ, որը նրան հայտնվել է սեւ շան տեսքով: Ի վերջո, նրան դատապարտում են մահապատժի, չնայած այն հանգամանքին, որ թունավորումը, որը որեւէ մեկի մահը չէր հանգեցրել, չէր ենթադրում մահապատիժ:

Ինչեւէ, 1782 թվականի հունիսի 13-ին, 48 տարեկանում Աննա Գյոլդին գլխատվեց: Դատական բոլոր փաստաթղթերը կարճ ժամանակ անց անհետացան: Ավելի ուշ՝ 2008 թվականին, Աննա Գյոլդիի մահից 226 տարի անց, Շեյցարիայի խորհրդարանը նրա մահապատիժը դատական սխալ որակեց:

Լրագրող Վալտեր Հաուզերի շնորհիվ 2007 թվականին Գլարուսում բացվեց թանգարան՝ նվիրված Աննայի կյանքին:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE